19 մայիսի 2012 - 14:55 AMT
ՌՀՀ ուսանողները փորձել են պարզել, թե որքանով է Իրանի միջուկային ծրագիրն անվտանգ աշխարհի համար

Այսօր Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանում ՄԱԿ-ի կառույցների գործունեության վերաբերյալ ՄԱԿ-ի մոդել խորհրդաժողովի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի դերախաղի ժամանակ ուսանողները քննարկեցին Իրանի միջուկային ծրագիրը:

Ինչպես լրագրողների հետ զրույցում ասաց ՄԱԿ մամլո ծառայության ներկայացուցիչ Մարինա Դոցենկոն, ՌՀՀ ուսանոնղերը պետք է ներկայացնեին տարբեր երկրների տեսակետները, ինչպես նաև այդ երկրների հարաբերությունները անվտանգության հարցում: «Երիտասարդները պետք է հասկանան, թե որքան կարևոր է անվտանգությունն աշխարհում, փոխզիջումը»,-ասել է նա:

Նախքան համաժողովը, անցկացվել են դասընթացներ` ՄԱԿ-ի արժեքների, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի գործառույթների և կառուցվածքի, ինչպես նաև Ընթացակարգային կանոնների մասին մասնակիցների գիտելիքները զարգացնելու համար: ՄԱԿ-ի հայկական ասոցիացիայի փորձառու դասընթացավարն ու թեմատիկ փորձագետները ուղղորդեցին մասնակիցներին և դասակարգեցին հատուկ մշակված չափանիշներ: Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան խորհրդական-տեղակալ Ջաֆար Զամանին աջակցեց մասնակիցներին ուսումնասիրություններում և հակիրճ տեղեկատվություն տրամադրեց հարցի շուրջ Իրանի պաշտոնական դիրքորոշման վերաբերյալ: Դեսպանատունը նաև տրամադրել էր ուսանողներին տեղեկություններ, որոնք օգնեցին նրանց համապատասխան երկրների դիրքորոշուները հարցի շուրջ առավել պատշաճ կերպով ներկայացնել:

Ուսանողները ձեռք բերեցին ոչ միայն տեղեկատվություն այս ծրագրի և ՄԱԿ-ի գործունեության մասին, այլ նաև բանակցային արվեստի, բազմակողմանի դիվանագիտության և համապատասխան երկրների տեսակետները ճիշտ ներկայացնելու հմտություններ:

ՄԱԿ-ի մոդելը կազմակերպվել էր ՄԱԿ-ի և Ռուս-հայկական (սլավոնական) համալսարանի միջև կնքված Համագործակցության ծրագրի շրջանակներում հատուկ Սլավոնական համալսարանի ուսանողներիհամար: Միջոցառումը կազմակերպվել էր ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչության հայաստանյան գրասենյակի կողմից Ռուս-հայկական (սլավոնական) համալսարանի հետ համատեղ` Արտաքին գործերի նախարարության և Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան աջակցությամբ:

Օրվա վերջում բոլոր մասնակիցները ստացան գնահատանքի վկայականներ: