20 մայիսի 2012 - 18:06 AMT
Դամասկոսը հերքում է ԶԼՄ-ների տեղեկատվությունը երկրի ղեկավարության ներկայացուցիչների սպանության մասին

Սիրիական իշխանությունները կիրակի օրը հերքել են ԶԼՄ-ների տեղեկատվությունը զինված ընդդիմության կողմից երկրի ռազմական և քաղաքական ղեկավարության ներկայացուցիչների սպանության մասին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

««Ալ Ջազիրայի» հաղորդած տեղեկատվությունը մի շարք քաղաքական գործիչների և անվտանգության ծառայության աշխատակիցների սպանության մասին ընդհանրապես չի համապատասխանում իրականությանը»,- հաղորդում է SANA սիրիական լրատվական գործակալությունը:

«Ալ Ջազիրա» հեռուստաալիքը կիրակի օրը, հղում կատարելով «Դամասկոս գավառի ռազմական հեղափոխական խորհրդի» ներկայացուցչին, հաղորդել է, որ զինված ընդդիմությունը գրոհել է շենքը, որտեղ ընթանում էր այսպես կոչված հակաճգնաժամային կոմիտեի նիստը: Հեռուստաալիքի տվյալների համաձայն՝ սպանվել են սիրիական ղեկավարության մի քանի անդամներ: Միաժամանակ հաղորդվում էր, որ կիրակի օրվա գիշերը Դամասկոսի մի շարք թաղամասերում պայթյուններ են հնչել ու դաժան փոխհրաձգություն է տեղի ունեցել կառավարական զորքերի և այսպես կոչված Ազատ սիրիական բանակի միջև: