Հրաչյա Պետրոսյան. Այսօր գրանցված երկրաշարժերից հետո հնարավոր են հետցնցումներ

Հրաչյա Պետրոսյան. Այսօր գրանցված երկրաշարժերից հետո հնարավոր են հետցնցումներ

PanARMENIAN.Net - Այսօր գրանցված երկրաշարժերից հետո հնարավոր են նաև հետցնցումներ: Լրագրողների հետ հանդիպմանն այսօր այս մասին ասաց ԱԻՆ սեյսմիկ ծառայության պետ Հրաչյա Պետրոսյանը:

«Առայժմ ունենք սեյսմիկ ռեժիմի ակտիվացում: Բացառված չեն նաև նոր թույլ սեյսմիկ ցնցումները՝ այն ուժի, ինչ-որ այսօր գրանցվել են»,- մանրամասնեց բանախոսը:

Նա նշեց, որ այսօր Հայաստանում գրանցված երկրաշարժերը կապ չունեն մայիսի 18-ին Ադրբեջանի Զակատալա քաղաքի մոտ տեղի ունեցած 5 մագնիտուդով երկրաշարժի հետ:

Սեյսմիկ ծառայությունն իրականացնում է շուրջօրյա մոնիտորինգ, որը գտնվում է նախարար Արմեն Երիցյանի անմիջական վերահսկողության ներքո: ԱԻՆ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Նիկոլայ Գրիգորյանն ասաց, որ շուտով քաղաքացիները SMS-ով կստանան տեղեկատվություն երկրաշարժի մասին:

ՀՀ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունը տեղեկացնում է, որ մայիսի 21-ին՝ տեղական ժամանակով ժամը 8:20-ին ՍՊԱԾ-ի սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 2.5 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Հայաստանի տարածքում՝ Աշոցք գյուղից 5 կմ հյուսիս: Երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 3 բալ:

Տեղական ժամանակով ժամը 8.45-ին ՍՊԱԾ-ի սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է երկրորդ երկրաշարժը՝ 2.7 մագնիտուդով, որի էպիկենտրոնը նույնպես գտնվում էր Հայաստանի տարածքում՝ Աշոցք գյուղից 7 կմ հյուսիս-արևմուտք:

Երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 3-4 բալ:

Մինչ այդ՝ մայիսի 21-ին, տեղական ժամանակով ժամը 03.07-ին ՍՊԱԾ-ի սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 3.2 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում էր Հայաստանի տարածքում՝ Գյումրի քաղաքից 20 կմ հյուսիս-արևելք:

Երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 4 բալ: Ըստ նախնական տեղեկատվության` երկրաշարժը զգացվել է Գյումրի քաղաքում: Երեք դեպքերում էլ երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվել է 5 կմ խորության վրա:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---