97  65-րդ Կաննի կինոփառատոնը

Կաննի կինոփառատոն, 6-րդ օր. Տրանս, սիրառատ ֆավորիտներ և երեք Աննաներ (վիդեո)

Կաննի կինոփառատոն, 6-րդ օր. Տրանս, սիրառատ ֆավորիտներ և երեք Աննաներ

PanARMENIAN.Net - Մայիսի 21: Կաննի կինոփառատոնի 6-րդ օր: Կաննում, ի դեպ, փոխվել է ֆավորիտը: Համաձայն Le Film francais ամսագրի նոր վարկանիշի, Ժակ Օդիարի «Ժանգ և ոսկոր» ֆիլմը առաջին հորիզոնականը զիջել է ավստրիացի Միխաել Հաննեքի «Սեր» ֆիլմին: Իսկ Screen ամսագրի վարկանիշում «Սերը» առաջին հորիզոնականը կիսում է ռումինացի Կրիստիան Մունջիուի «Բլուրներից այն կողմ» ֆիլմի հետ: Կինոփառատոնի ևս մեկ ֆավորիտ է համարվում Ուլրիխ Զեյդլի «Դրախպտ. Սեր» ֆիլմը:

Մինչ այդ, նախօրեին Կաննում վատ եղանակ էր: Քամին վնասել էր այն շինության տանիքը, որտեղ տեղակայված է Կաննի կինոփառատոնի պրոյեկտիվ դահլիճը: Ստիպված էին անգամ չեղյալ համարել փառատոնի 65-րդ տարելիցին նվիրված տոնական հրավառությունը: Որոշ դերասաններ բեմահարթակ էին դուրս գալիս լիովին թրջված հագուստով:

Ինչ վերաբերում է անմիջական մրցույթին, ապա այն այսօր շարունակել են միանգամից 3 ֆիլմեր` Ալեն Ռենեի «Դուք դեռ ոչինչ չեք տեսել», արքայազն Աբբաս Կիառոստամիի «Սիրահարվածի նման» և հարավկորեացի ռեժիսոր Հոն Սան Սուի «Այլ երկրում» ֆիլմերը:

Նրանք ոչինչ չեն տեսել և հենց իրենց էին մարմնավորում

Ալեն Ռենեի «Դուք դեռ ոչինչ չեք տեսել» ֆիլմի սյուժեն այսպիսին է. «Հանրահայտ դրամատուրգ Անտուան դԱնդակի վերջին ցանկությունը կատարելով, նրա բոլոր ընկերները, որոնք երբևէ խաղացել են «Էվրիդիկե» պիեսում, հավաքվում են, որպեսզի դիտեն այդ պիեսի ձայնագրությունը` La Compagnie de la Colombe թատերախմբի կատարմամբ: Արդյո՞ք տեղ ունեն սերը, կյանքը, մահը, մահվանից հետո սերը բեմում. դա որոշում են դերասանները: Սակայն այսօրվանից նրանց համար ամեն ինչ նոր-նոր է սկսվում..»

Նախքան ֆլիմը տեղի ունեցած մամլո ասուլիսին դերասանները խոստովանել են, որ հենց իրենց էին մարմնավորում: Անգամ հագուստն է իրենցը եղել: «Դուք դեռ ոչինչ չեք տեսել»` միանգամից 3 վերջաբան ունեցող ֆիլմ, որտեղ հանրահայտ 8 դերասաններ մարմնավորում են իրենք իրենց, խաղում են Ժան Անուի «Էվրիդիկե» պիեսը, գրում է ՌԻԱ Նովոստին: Վերջում նրանցից յուրաքանչյուրի հեռախոսն է զանգում, և լսափողում լսվում է. «Պետք է ձեզ տխուր լուր հայտնեմ: Ձեր ընկերը` Անտուան դԱնդակը, մահացել է: Նա խնդրել է կտակը հրապարակելիս ժամանել իր կալվածք»:

«Ալեն Ռենեն ինձ հանձնարարել էր խաղալ ոչ թե Էվրիդիկե, այլ ինքս ինձ: Ես նախկինում երբեք ստիպված չեմ եղել նկարահանման հրապարակում այսքան եսասեր լինել: Սակայն ես դա անում էի ոչ ինձ համար, այլ Ալենի, ում հաճույքով սիրտս ու հոգիս կտայի»,-ասել է Աննի Դյուպրեն:

Իսկ Սաբին Ազեման հավելել է, որ ֆիլմում մի քանի զույգեր կան, որոնք կատարում են Էվրիդիկեի և Օրփեոսի դերերը, և յուրաքանչյուր զույգ առանձին է նկարահանվել, ուստի ինքը միայն կինոդահլիճում է պարզել, թե մյուս զույգերն ինչ են խաղացել: «Շատ հետաքրքիր է, թե տարբեր դերասաններ ինչ կարող են անել միևնույն տեքստի հետ»,-համոզված է նա:

Պետք չէ այդպես կատակել

Ինքը ֆիլմի ռեժիսոր Ալեն Ռենեն ընդգծել է, որ իր համար կարևոր էր, որ դերասանները նկարահանման հրապարակում լինեին գրեթե տրանսային վիճակում. «Ես չէին ցանկանում նրանց արթնացնել ոչ լուսարձակներով, ոչ էլ ավելորդ ռեժիսորական ցուցումներով»:

Խոսելով ֆիլմի անվան մասին` Ռենեն ընդգծել է, որ այն պատահաբար է ստացվել: «Սկզբում դա կատակ էր. Ես մոնտաժի ռեժիսորին հայտնեցի, որ նա դեռ ոչինչ չի տեսել: Հետո կատակը կրկնվեց, ամրապնդվեց և, ի վերջո, հայտնվեց տիտրերում»,-ասել է ռեժիսորը:

Երեք Աննաներ այլ երկրից

Կորեացի կինոռեժիսոր Հոն Սան Սուի «Այլ երկրում» դերասանուհի Իզաբել Յուպպերը մարմնավորել է միանգամից 3 դեր` միևնույն անվամբ 3 կանանց տարբեր ճակատագրեր: Մի Աննան ամուսնացած է և դավաճանում է ամուսնուն, մյուսն` ամուսնալուծված է, 3-րդը` ֆիլմեր է նկարահանում, գրում է reporter-ua.com-ը: Սակայն նրանք երեքն էլ մի օր հայտնվում են միևնույն քաղաքում, միևնույն հյուրանոցում և միևնույն ծովափին: Ինչպես պատմել է Յուպպերը, այս աշխատանքն իր համար իսկական արկած էր. «Հոն Սան Սյուն աշխատում է իրեն բնորոշ ոճով, առանց սցենարի: Ինձ հայտնի էր միայն այն, որ պետք է 3 դեր խաղայի»,-ասել է Յուպպերը մամլո ասուլիսի ժամանակ:

Հոն Սան Սուի ողջ նախագիծը նա ընդհանուր առմամբ կոչել է «հաճելի անակնկալ»:

Եվս մեկ անգամ սիրո մասին

Օրը շարունակել է իրանցի ռեժիսոր Աբբաս Կիառոստամիի «Սիրահարվածի նման» ֆիլմը: «Տոկիո: Նա ծեր տղամարդ է, նա` ծեր կին: Կինը ոչինչ չգիտի նրա մասին, իսկ տղամարդուն թվում է, թե նրա մասին գիտի ամեն ինչ: Նա կնոջ առջև բացում է իր բնակարանի դռները, նա տղամարդուն է նվիրում իր մարմինը: Սակայն նրանց հանդիպման հանգամանքները ոչ մի դեր չեն խաղում նրանց հարաբերություններում, որոնք հաստատվում են ընդամենը մի քանի օրվա ընթացքում..»

Ի դեպ, 15 տարի առաջ Կիառոստամին` ռեժիսոր, սցենարիստը, պրոդյուսեր, դիզայներ, լուսանկարիչ և բանաստեղծ, արդեն ստացել է «Ոսկյա արմավենի» «Բալի համը» ֆիլմի համար: Սա Կաննի կինոփառատոնում իրանական ֆիլմին շնորհված առաջին մրցանակն էր:

Իսկ 7-րդ օրվա համար…

Իսկ Կաննի կինոփառատոնի 7-րդ օրվա մրցութային ծրագիրը շարունակում է Էնդրյու Դոմինիկի «Խաղատան կողոպուտ» կրիմինալ դրաման, որտեղ գլխավոր հերոսը հետաքննում է հանդուգն կողոպուտը, որն իրականացվել է պոկեր խաղալիս: Նույն օրը կցուցադրվի նաև բրիտանացի Քեն Լոուչի «Հրեշտակների բաժինը», որտեղ հանցագործը սկսում է նոր կյանք` շոտլանդական վիսկիի գործարանում աշխատելով:

Մարինա Անանիկյան / PanARMENIAN News
31  21.05.12 - 65-րդ Կաննի կինոփառատոն. Օր 5
24  20.05.12 - 65-րդ Կաննի կինոփառատոն. Օր 4
31  19.05.12 - 65-րդ Կաննի կինոփառատոն. Օր 3
25  18.05.12 - 65-րդ Կաննի կինոփառատոնը. Օր 2
28  17.05.12 - 65-րդ Կաննի կինոփառատոնը. Օր 1
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---