22 մայիսի 2012 - 15:10 AMT
Ա.Ադիբեկյան. Քաղաքական բոլոր ուժերի կողմնակիցների մեկ քառորդից մեկ երրորդը կողմ է կոալիցիային

Խորհրդարանական ընտրություններին մասնակցածների մեկ քառորդից մեկ երրորդը կողմ է, որպեսզի այն քաղաքական ուժը, որի օգտին նա քվեարկել է, մաս կազմի ապագա կոալիցիային, այդ թվում նաև ՀԱԿ-ի կողմնակիցների մոտ 28 տոկոսը: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի ղեկավար, սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը: Նա նշել է, որ համապատասխան հետազոտությունը կատարվել է 2011թ. աշնանը:

Ըստ նրա, որքան թույլ է քաղաքական ուժը, այնքան մեծ է կոալիցիային անդամակցելու նրա կողմնակիցների ցանկությունը: Այդ առնչությամբ նա բերել է սոցհարցման տվյալները, որի համաձայն, եթե ԲՀԿ 23 տոկոսը ցանկանում է անդամակցել կոալիցիային, ապա ՕԵԿ-ում այդ թիվը կազմում է 29 տոկոս:

Որպես կոալիցիայից դուրս բացասական արդյունքի օրինակ Ադիբեկյանը բերել է ՀՅԴ անհաջողությունը մայիսի 6-ի ընտրություններում, որը գրեթե 2,5 կես անգամ քիչ ձայն հավաքեց, քան 2007 թ.:

Ադիբեկյանը նաև հավելեց, որ տարբեր առիթներով խորհուրդ է տվել կոալիցիա կազմել 4 քաղաքական ուժերին՝ ՀՀԿ, ԲՀԿ, «Օրինաց երկրին» ու ՀՅԴ-ին: Նա հավելեց նաև, որ դա արվել է անվճար:

ՀՀԿ-ն ընտրությունների արդյունքում 131 տեղ ունեցող Ազգային ժողովում ստացավ տեղերի բացարձակ մեծամասնությունը` 69 տեղ (40 համամասնական և 29 մեծամասնական քվեարկության արդյունքում): «Բարգավաճ Հայաստանը» ստացել է 37 տեղ (28 համամասնական և 9 մեծամասնական), ՀԱԿ-ը` 7 տեղ: Դաշնակցությունն ու «Օրինաց երկիրը»` 6-ական (5-ական համամասնական և 1-ական մեծամասնական), իսկ «Ժառանգությունը»` 5: