22 մայիսի 2012 - 18:05 AMT
Հրանտ Մելիք-Շահնազարյան. Ցանկացած սպառնալիք Հայաստանին, սպառնալիք է ողջ ՀԱՊԿ-ի համար

Երևանում կայացած մամլո ասուլիսում քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը հայտնել է, որ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի վերջին հայտարարությունն այն մասին, որ ՀԱՊԿ-ն իր անհրաժեշտ օգնությունը կցուցաբերի Հայաստանին, եթե նրա դեմ որևէ ոչ բարեկամական քայլեր ձեռնարկվեն, բխում է այն փաստից, որ Հայաստանը բլոկի ուշադրության կենտրոնում է, և Ղարաբաղում հակամարտության ռազմական լուծման ցանկացած փորձ պատասխան արձագանք կառաջացնի: Քաղաքագետի խոսքով` դա նշանակում է, որ Հայաստանին սպառնացող վտանգը սպառնում է նաև ողջ ՀԱՊԿ-ին: Հայտարարության կտրուկությունը Մելիք-Շահնազարյանը կապել է այն բանի հետ, որ հավասարակշռված արտահայտություններն Ադրբեջանի կողմից ընդունվում են որպես թուլության դրսևորում, մինչդեռ այժմ ամեն ինչ ասվել է ուղիղ տեքստով` առանց որևէ վերապահումների:

«Հայաստանը ՀԱՊԿ-ի լիարժեք և լիիրավ անդամն է, և եթե Հայաստանի հանդեպ ոչ բարեկամական քայլեր ձեռնարկվեն, ապա ՀԱՊԿ-ի բոլոր անդամները նրան համապատասխան օգնություն կցուցաբերեն»,- նախօրեին Մոսկվա-Երևան-Աստանա-Կիև-Քիշնև հեռուստակամրջի ձևաչափով մամլո ասուլիսում ասել է ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:

Այդ մասին նա հայտնել է` մեկնաբանելով ադրբեջանցի լրագրողի հարցը, թե ինչի հիման վրա են Ռուսաստանն ու ՀԱՊԿ անդամները պատրաստվում օգնություն ցուցաբերել Հայաստանին և Լեռնային Ղարաբաղին, եթե Ադրբեջանը որոշի ուժային ճանապարհով լուծել ղարաբաղյան հակամարտությունը:

«Դա ձևաչափ է: Մնացածը մանրամասներ են»,- ընդգծել է Բորդյուժան: