22 մայիսի 2012 - 18:27 AMT
ՊՆ այլընտրանք է առաջարկում վերջին կուրսերի և մագիստրատուրայի ուսանողներին

2012 թ-ի գարնանային զորակոչից առաջ պաշտպանության նախարարությունը բոլոր բուհերի բակալավրիատի ու մագիստրատուրայի վերջին կուրսերի ուսանողներին առաջարկում է պարտադիր զինծառայությունը և ուսումը շարունակելու կամ 2-րդ մասնագիտությունը ձեռք բերելու նոր տարբերակ: Այս ծրագիրը պաշտպանության նախարարության ներկայացուցիչները ներկայացրել են այսօր ԵՊՀ գիտխորհրդի դահլիճում համալսարանականների հետ հանդիպմանը: ՊՆ կադրերի և ՌՈԻՀ վարչության պետի տեղակալ, գնդապետ Էդուարդ Ոսկանյանն ուսանողներին ներկայացրեց ծրագրի մանրամասները: Այս տարի երեք ռազմական ինստիտուտներում ընդունելություն է իրականացվում երեք մասնագիտություններով ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում հրետանավոր, մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմաավիացիոն ինստիտուտում կապավոր և հակաօդային պաշտպանություն: Մեկամյա ուսուցումն ավարտելուց հետո զինծառայողը նախկին 5 տարվա փոխարեն արդեն 3 տարի ժամկետով պարտադիր ծառայության պայմանագիր է կնքում, ինչից հետո հնարավորություն է ստանում ազատ որոշում կայացնել շարունակել կրթվել ու կարիերա կառուցել ուժային կառույցներում, թե մինչ ծառայության անցնելը նախընտրած մասնագիտությամբ կամ ցանկացած այլ գործունեություն ծավալել: Մեկամյա դասընթացներն ավարտելուց հետո շրջանավարտը ստանում է լեյտենանտի կոչում և դասակի հրամանատարի որակավորում, այնուհետև վիճակահանության սկզբունքով ՀՀ ամբողջ տարածքում տեղակայված զորամասերից մեկում անցնում պարտադիր զինծառայության: Գերազանց առաջադիմությամբ ավարտածները հնարավորություն կստանան ներկայացված ցուցակից ինքնուրույն ընտրելու այն զորամասը, որտեղ պետք է ծառայության անցնեն:

«Դուք մի շարք առավելությունն եք ստանում: Նախ ստանում եք 2-րդ մասնագիտություն, որը փաստվելու է վկայագրով: Լուծում եք նաև սոցիալական մի շարք խնդիրներ, կապված ապահովագրության հետ: Պարտադիր զինծառայությունն ավարտելուց հետո ռազմական կառույցներում շարունակելու դեպքում հնարավորություն եք ստանում նաև նախարարությունից բնակարան ստանալու համար հերթագրվելու համապատասխան կառույցում»,- հանդիպմանը նշեց Էդուարդ Ոսկանյանը:

Մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմաավիացիոն ինստիտուտի ուսումնական և գիտական գծով տեղակալ, գնդապետ Զավեն Հակոբջանյանը ուսանողներին ուսումնական գործընթացների ու կեցության մասին որոշ մանրամասներ ներկայացրեց, ՀՀ ԶՈՒ կապի և ավտոմատ կառավարման համակարգերի վարչության պետի տեղակալ, գնդապետ Գաբրիել Նազարյանն էլ խոսեց կապավորի մասնագիտության, ինչպես նաև ռազմական կառույցներում հետագա գործունեության առավելությունների մասին: