22 մայիսի 2012 - 18:28 AMT
Ցեղասպանության թանգարան-ինստիտուտում կհիշեն Կարմիր խաչի հիմնադիր Կլարա Բարտոնին

2012թ. մայիսի 23-ին Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտի նախաձեռնությամբ և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ Հայոց ցեղասպանության թանգարանում տեղի կունենան Ամերիկյան Կարմիր խաչի հիմնադիր Կլարա Բարտոնի հիշատակին նվիրված հանդիսավոր միջոցառումներ: Միջոցառման ժամանակ ելույթ կունենան ՀՑԹԻ տնօրեն Հայկ Դեմոյանը, ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը, Կլարա Բարտոնի տուն-թանգարանը ներկայացնող պատմաբան Քևին Փաթին:

Միջոցառման ընթացքում տեղի կունենան նաև 1896թ. Կլարա Բարտոնի կազմած զեկույցի «Ամերիկյան Կարմիր խաչի նպաստամատույց առաքելությունը Փոքր Ասիայում» անգլերեն և հայերեն գրքերի շնորհանդեսը: Զեկույցի հայերեն թարգմանությունն ու հրատարակումը հնարավոր է դարձել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության աջակցության շնորհիվ: Այս կապակցությամբ Հայոց ցեղասպանության թանգարանի գիտխորհրդի որոշմամբ «Երախտագիտություն» անվանակարգով թողարկվել է Կլարա Բարտոնին նվիրված ոսկե հուշամեդալ, որով պարգևատրվելու են մարդասիրական աջակցություն ցուցաբերած անձինք և կազմակերպությունները, ինչպես նաև հայ-ամերիկյան բարեկամության ամրապնդման գործում ներդրում ունեցած անձինք:

Նույն օրը Հայոց ցեղասպանության թանգարանում բացվելու է նաև ժամանակավոր ցուցադրություն` նվիրված Կլարա Բարտոնին: Միջոցառման մասնակիցներին կտրվեն Կլարա Բարտոնի 190-ամյակի առթիվ թողարկված հիշատակի բացիկներ: