Սերգեյ Մարկեդոնով. Հայաստանի տարածքային ամբողջականության մասին կետը պատահական չի հայտնվել ՆԱՏՕ-ի հռչակագրում

Սերգեյ Մարկեդոնով. Հայաստանի տարածքային ամբողջականության մասին կետը պատահական չի հայտնվել ՆԱՏՕ-ի հռչակագրում

PanARMENIAN.Net - Չիկագոյում ՆԱՏՕ-ի գագաթաժողովի ընդունած հռչակագրում դրույթ կա հետխորհրդային տարածքի տարածաշրջանային հակամարտությունների մասին: Դաշինքի անդամ երկրները կոչ են արել հակամարտող բոլոր կողմերին լինել կառուցողական ու կամք դրսևորել, ինչպես նաև հարգել գործող բանակցային ձևաչափերը: Բացի այդ հռչակագիրը կոչ է անում խուսափել տարածաշրջանին ու միջազգային անվտանգությանը վնասող քայլերից: Այդ մասին PanARMENIAN.Net ին է հայտարարել Վաշինգտոնի ռազմավարական հետազոտությունների կենտրոնի աշխատակից Սերգեյ Մարկեդոնովը:

Ըստ նրա, պարզ ասած, գագաթաժողովը հաստատեց, որ անթույլատրելի է ստատուս-կվոյի միակողմանի ուժային փոփոխությունն առանց հակառակ կողմի դիրքորոշումը հաշվի առնելու: «Հռչակագրում ասվում է, որ դաշինքը սատարում է Վրաստանի, Մոլդովայի, Ադրբեջանի ու Հայաստանի տարածքային ամբողջականությանը: Հայաստանը պատահական չի ընդգրկվել այդ ցուցակում: Այո, Հայաստանը չունի իր կազմում չճանաչված կազմավորումներ կամ անջատողական օջախներ, սակայն նա հակամարտության մեջ է Ադրբեջանի հետ Լեռնային Ղարաբաղի պատճառով: Ընդ որում պաշտոնական Բաքուն երբեք չի բացառել հարցի ուժային լուծման տարբերակը ու նախկին ԼՂԻՄ տարածքից դուրս գտնվող շրջաններում իր վերահսկողությունը հաստատելու մտադրությունը: Այդ առումով ՆԱՏՕ-ի ազդանշանը հասկանալի է՝ նման արշավը չի կարող տարածվել բուն Հայաստանի տարածքի վրա: Ընդ որում, ՆԱՏՕ-ի հռչակագիրը ոչ մի խաղաղապահ մասնակցության ոչ մի կոնկրետ մեխանիզմ չի տալիս: Այդ թեման ընդհանրապես ՆԱՏՕ-ի օրակարգից դուրս է: Չիկագոյի գագաթաժողովը «օրհնեց» մերձդնեստրյան կարգավորման «5+2» բանաձևը և ԵԱՀԿ Մինսկի խումբը ղարաբաղյան կարգավորման հարցում: Դա նշանակում է նաև, որ այս հակամարտություններում Դաշինքը չի պատրաստվում կոտրել ստատուս-կվոն կամ ինչ-որ հատուկ գաղափարներ առաջ քաշել: Նման գաղափարներ, այսօրվա դրությամբ, կարծես թե չկան»,-ասել է Մարկեդոնովը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---