23 մայիսի 2012 - 14:51 AMT
Սելին Դիոնն ու Ֆիլիպ Կիրկորովը կերգեն հայերե՞ն

Արա Գևորգյանի «Սիրեցեք զմիմիանս» նախագծին հավանական է հայտնի երգչուհի Սելին Դիոնի մասնակցությունը: Այդ մասին այսօր լրագրողների հետ զրույցում պատմեց կոմպոզիտորը: Գևորգյանի խոսքով, Սելին Դիոնը ցանկանում է երգել միայն ՄԱԿ-ի լոգոյի տակ:

Գևորգյանը չբացառեց նաև նախագծում Ֆիլիպ Կիրկորովի մասնակցությունը: Կոմպոզիտորի խոսքով Ֆիլիպ Կիրկորովն է զանգահարել նախագծին մասնակցելու համար, բայց նա դրել է մի պայման, որ Կիրկորովը պետք է կատարի նրա «Ադանա» գործը: Նա ձայնագրել և ուղարկել է «Սիրեցեք զմիմիանս» երգը, սակայն մյուս երգի կապակցությամբ դեռ լռում է:

4.5 րոպեանոց տեսահոլովակում նրանք կերգեն իրենց երկրում, տեսարժան վայրի ֆոնին, այնուհետև Խոր վիրապում բոլորի հետ միասին հայերեն լեզվով:

Երգի դասական տարբերակը կկատարի Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը, փոփ կատարման պատասխանատուն կլինի Գևորգյանը, ինչպես նաև կլինի ռոք տարբերակ: Ռոք տարբերակի համար կոմպոզիտորը դիմել է Սերժ Թանկյանին, ով դեռ դրական պատասխան չի տվել, և հավանաբար այն կվստահվի Deep Purple խմբին:

Գևորգյանի խոսքով, նախագիծը կսկսվի, հենց ավարտվի երգիչների ընտրությունը: Արդեն հավաքվել են ֆինն, շվեդ, գերմանացի, հնդիկ, արաբ և ամերիկացի երգիչներ:

Նա ասաց, որ եթե օտար երկրներում Հայաստանի դեսպանները դիմեն տեղի երգիչներին, նախագծի իրականացման ընթացքն անհամեմատ կթեթևանա: