2 հուլիսի 2004 - 23:52 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ Է ՄԱԿ-Ի ՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆՍՏԱՇՐՋԱՆԻՆ
Հայաստանն առաջին անգամ մասնակցում է ՄԱԿ-ի տնտեսական եւ սոցիալական խորհրդի (ECOSOC) ամնեամյա նստաշրջանին որպես այդ կազմակերպության անդամ: Ինչպես տեղեկացրել են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունում, Հայաստանի կառավարությանը կից Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի պետ Մանուկ Վարդանյանը նստաշրջանի իր ելույթում հայտարարել է, որ Հայաստանի համար առաջնահերթ խնդիրներից մեկը աղքատության կրճատումն է: «Այդ հարցը պահանջում է արտաքին եւ ներքին ռեսուրսների կենտրոնացում, ինչպես նաեւ ֆինանսական հաստատությունների եւ կառավարությունների միջեւ համագործակցություն` մասնավոր բիզնեսի ակտիվ մասնակցությամբ»,- նշել է Վարդանյանը: Նրա խոսքերով` զարգացման կարեւոր կոմպոնենտներից են ուղիղ ներդրումները եւ պետական օգնությունը: Այդ կապակցությամբ նա առանձնահատուկ նշել է ԱՄՆ «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրում Հայաստանի ընդգկման կարեւորությունը: Նշենք, որ «ECOSOC»-ը կոչված է օժանդակելու կյանքի մակարդակի բարձրացմանը, բնակչության զբաղվածությանը, տնտեսական եւ սոցիալական առաջընթացին: