23 մայիսի 2012 - 20:58 AMT
ՍՏՀԿ ԽՎ-ում ՌԴ ներկայացուցիչ. Ռուսաստանը կշարունակի պնդել Հայաստանի փակ սահմանների խնդրի լուծման հարցում

Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍՏՀԿ) Խորհրդարանական Վեհաժողովում ռուսական պատվիրակության ղեկավար Միխայիլ Եմելյանովը մեկնաբանել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի այսօրվա ուղերձը ՍՏՀԿ ԽՎ լիագումար նիստի մասնակիցներին, որում նա կոչ է արել ուշադրություն դարձնել տարածաշրջանում փակ սահմանների խնդրին, որը խանգարում է տարածաշրջանային համագործակցությանը: «ՍՏՀԿ Խորհրդարանական վեհաժողովը հենց դրա համար էլ ստեղծվել է, որպեսզի տնտեսական ճանապարհներով լուծի տարածաշրջանի բարդ խնդիրները: Մեր վեհաժողովի շրջանակում հաղորդակցվում և հանդիպում են այն պետությունները, որոնք այլ պայմաններում և այլ հարթակներում չեն կարող հանդիպել»,- հայտնել է նա Երևանում կայացած մամլո ասուլիսում:

«Մենք գտնում ենք, որ տնտեսական համագործակցության, սևծովյան տարածաշրջանի տնտեսական ինտեգրացիայի միջոցով կարող են լուծվել ամենաբարդ քաղաքական հարցերը: Այս կապակցությամբ, անխոս, սահմանների ապաարգելափակումը մեծ տնտեսական շահույթ կբերեր բոլոր սևծովյան երկրներին: Բնականաբար, մենք օժանդակում ենք այդ ուղղությանը, բայց դրա հետ մեկտեղ գիտակցում են այդ հարցերի լուծման ողջ բարդությունը և դրանց կապվածությունն ընդհանուր քաղաքական իրադրության հետ տարածաշրջանում»,- նշել է ռուսական պատվիրակության ղեկավարը:

Եմելյանովը նշել է նաև, որ Ռուսաստանը, մասնավորապես ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, ջանքեր է գործադրում այդ ուղղությամբ, և հիշեցրել, որ ՌԴ նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդևը Հայաստանի և Ադրբեջանի նախագահների մի շարք հանդիպումներ է կազմակերպել, որոնց օրակարգում Հայաստանի հաղորդակցական ճանապարհների ապաարգելափակման հարցն էր: «Ռուսաստանը կշարունակի պնդել այդ խնդրի լուծման հարցում»,- հավելել է նա:

Մայիսի 21-23 Հայաստանում ընթանում է Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍՏՀԿ) Խորհրդարանական Վեհաժողովի 39-րդ լիագումար նիստը: Երևան են ժամանել Ալբանիայի, Ադրբեջանի, Բուլղարիայի, Վրաստանի, Մոլդովայի, Ռումինիայի, Ռուսաստանի, Սերբիայի, Թուրքիայի և Ուկրաինայի խորհրդարանական պատվիրակությունները; Որպես դիտորդ նիստին մասնակցում են Ֆրանսիայի, Գերմանիայի, Բելոռուսիայի, Եգիպտոսի, Իսրայելի և Սլովակիայի խորհրդարանների ներկայացուցիչներ: