23 մայիսի 2012 - 20:32 AMT
Սևծովյան տնտեսական համագործակցության ԽՎ նիստում Հայաստանը նախագահությունը հանձնել է Ադրբեջանին

Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍՏՀԿ) Խորհրդարանական Վեհաժողովի 39-րդ լիագումար նիստի աշխատանքները մայիսի 23-ին ամփոփվեցին մամուլի ասուլիսով: Ինչպես PanARMENIAN.Net-ին հաղորդում են ԱԺ լրատվական ծառայությունից, վեհաժողովի փոխնախագահ Արեգ Ղուկասյանը նշել է, որ նիստի ընթացքում քննարկվել են օրակարգային բոլոր հարցերը: Ռուսաստանի ներկայացուցիչ Եվգենի Կապիշինը միաձայն ընտրվել է խորհրդարանի գլխավոր քարտուղարի տեղակալ, որոշվել է ՍՏՀԿ ԽՎ-ում դիտորդի կարգավիճակ տալ խորհրդարանական երկու կազմակերպությունների` Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովին և «Իսլամական կոնֆերանս» կազմակերպության անդամ պետությունների խորհրդարանական միությանը:

Ղուկասյանը նշել է, որ հաստատվել է վեհաժողովի հանձնաժողովներում քննարկված կանոնակարգային հարցերի մեծ մասը:

Որոշվել է Բյուրոյի և Կոմիտեի նիստերում չընդունված հարցերը նորից մտցնել աշխատանքային խմբի օրակարգ: Կանոնակարգի համաձայն` Վեհաժողովում նախագահությունը Հայաստանից անցել է Ադրբեջանին:

Թուրքիայի պատվիրակության ղեկավար Իսմայիլ Սաֆին շնորհակալություն է հայտնել հայկական կողմին Վեհաժողովի աշխատանքները լավ կազմակերպելու և բարձր մակարդակի ընդունելության համար:

Ասուլիսին մասնակից ազգային պատվիրակությունների ղեկավարները պատասխանել են նաև լրագրողների հարցերին: