97  65-րդ Կաննի կինոփառատոնը

Կաննի կինոփառատոն, օր 8-րդ. Կրկին սկանդալներ, արցունքներ և 2 հազար եվրո Բրեդ Փիթի հետ 20 րոպեի համար (վիդեո)

Կաննի կինոփառատոն, օր 8-րդ. Կրկին սկանդալներ, արցունքներ և 2 հազար եվրո Բրեդ Փիթի հետ 20 րոպեի համար

PanARMENIAN.Net -

Մայիսի 23, Կաննի փառատոնի 8-րդ օր: Այս տարի Կաննում ոչ մի օր առանց սկանդալի չի անցնում, այս անհամ «տհաճությունը» պատահեց նաև հայտնի բրիտանացի մոդել և դերասանուհի Քելլի Բրուքի հետ, որն ուղղակի շոկի մեջ էր անպարկեշտ առաջարկից: Կինոդասական Ալեն Ռենեի «Դուք դեռ ոչինչ չեք տեսել» նոր ֆիլմի շնորհանդեսից հյուրանոց վերադարձած Քելլիին է մոտեցել մի պատկառելի տղամարդ ու 1 մլն ֆունտ առաջարկել իր ընկերակցությամբ մեկ «գիշերվա» դիմաց: Դերասանուհին շփոթվել է, հետո ենթադրել, որ սա կատակ է: Սակայն պարոնը շատ համառ էր, փորձում էր գրկել աստղին ու կրկնում էր. «Միայն մեկ գիշեր, ես փող ունեմ»: Սակայն, աղերսանքները չօգնեցին և դերսանուհու թիկնապահները դուրս բերեցին «երկրպագուին» հյուրանոցից:

Կլորիկ գումար Փիթի հետ 20 րոպեի համար

Եվս մեկ սկանդալ պայթեց, երբ «Կողոպուտ կազինոյում» ֆիլմի դիստրիբյուտոր ընկերությունը, որտեղ գլխավոր դերակատարներից մեկը Բրեդ Փիթն է, աստղի հետ 20 րոպե շփվելու դիմաց 2 հազար եվրո է պահանջել: Վերջերս իրոք տարածում է ստացել հարցազրույցի համար գումար պահանջելը, սակայն Կաննի կինոփառատոնում մինչ օրս նման բան չկար: Սա միակն է խոշոր կինոֆորումներից, որտեղ նույնիսկ հավատարմագրման համար գումար չեն պահանջում:

Եվս մեկ մրցանակ Կաննից

Իսկ Կաննի կինոփառատոնի 65-ամյակի կապակցությամբ նոր մրցանակ է սահմանվել` Ջիլլո Պոնտեկորվոյի մրցանակը հայտնի իտալացի ռեժիսորի պատվին, որը համաշխարհային ճանաչում ստացավ «Ճակատամարտ Ալժիրի համար» (1966) ֆիլմից հետո: Մրցանակն առաջինը ստացավ Ժիլ Ժակոբը: Մրցանակը հանձնվում է «կինոյի զարգացման, բարելավման և հաստատման համար»:

Պարգևատրման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ Կաննի Կինոպալատում: «Ֆիլմի ազդեցությունը չի ավարտվում ցուցադրության հետ, լավագույն ստեղծագործությունները ուղեկցում են մարդուն ողջ կյանքի ընթացքում»,-հայտարարել է Ժակոբը, հաղորդում է tvkultura.ru-ն:

Վերջին 3 տասնամյակների ընթացքում Ժիլ Ժակոբը Կաննի կինփառատոնի ղեկավարն է:

Արմավենու նորաձևության վերջին ճիչը

Այդ միջոցին Sergio Rossi-ի կրեատիվ տնօրեն Ֆրանչեսկո Ռոսսին, որը ամառային կոշիկների լիմիտավորված փոքր հավաքածուներ է ստեղծում` նվիրված Կաննի փառատոնին արդեն չորս տարի անընդմեջ, այս անգամ ստեղծել է ուղեգորգի գույնի երկու զույգ կոշիկ, որոնք զարդարված են բյուրեղներով պատված արմավենու ճյուղի դեկորատիվ տարրով:

Ֆիլմերի մասին

Հիմա բուն փառատոնի մասին: 8-րդ մրցութային օրը շարունակեցին բրազիլացի Վալտեր Սալեսի «Ճանապարհին» և Լեո Կարակսի «Հոլլի Մոթորս» ֆիլմերը:

Կարակսի ուրվականներն ու արտասուքը

«Հոլլի Մոթորս». «Արևածագից մինչև մայրամուտ` ընդամենը մի քանի ժամ պարոն Օսկարի կյանքից, որը ճամփորդում է կյանքից կյանք: Նա մեկ ձեռներեց է դառնում, մեկ մարդասպան, մեկ հրեշ, մեկ էլ ընտանիքի հայր… Նա մշտապես դեր է խաղում: Բայց ո՞ւր են տեսախցիկները: Նա միայնակ է, եթե չհաշվենք Սելինին, բարձրահասակ շիկահեր աղջկան, որը ավտոմեքենայով տեղափոխում է Օսկարին Փարիզի մեջ և արվարձաններում: Նա կարծես մարդասպան լինի, որը գիտակցաբար հանցագործություններ է կատարում` ձգտելով կատարելության: Նա շրջապատված է կանանցով և ուրվականներով: Որտե՞ղ է նրա հանգրվանը, տունը, ընտանիքը»:

«Հոլլի Մոթորսը» Կարակսի առաջին լիամետրաժ կինոնկարն է, գլխավոր դերում Դենի Լավանն է:

12 տարի ֆիլմ չնկարահանած ռեժիսորի խոստովանությամբ` նա իր ֆիլմը նվիրում է կնոջը` Կատյա Գոլուբևային, ռուս դերասանուհու, որը մահացավ անցյալ տարվա օգոստոսին: «Նա մահացավ նկարահանումների մեկնարկից ընդամենը մեկ շաբաթ առաջ, բնական էր ֆիլմը նրա հիշատակին նվիրելը»,-խոստովանել է լրագրողներին Կարակսը` հիշելով, որ 10 տարի առաջ եկել էր Կանն մի ֆիլմով, որտեղ գլխավոր դերակատարը Գոլուբևան էր, և որը ոչ մեկին դուր չեկավ: «Հոլլի Մոթորսը», հակառակը, հայտնում է ՌԻԱ Նովոստին, արցունքներ առաջացրեց ու տևական ծափահարությունների արժանացավ:

«Իմ պայմանագրում 10 մարդ էր գրանցված` գումարած դերասանի դերը, որը նրանց բոլորին պատկերում է: Կարելի է ասել, որ ես 11 ու կես դեր եմ կատարում: Կարելի է հավելել նաև տողատակերում ենթադրվող մարդկանց»,- մեկնաբանել է Դենի Լավանը:

Ֆիլմ անձնական օգնագործման համար

Ինքը` Կարակսը հրաժարվում է «Հոլլի Մոթորսը» որպես կինոյի պատմության մասին ֆիլմ նկարագրող տեսությունից: «Ինչ-որ տեղ բոլոր ֆիլմերն էլ կինոյի պատմության մասին են: Եթե դու որոշում ես բնակություն հաստատել այն գեղեցիկ կղզում, որը կարելի է համարել կինեմատոգրաֆիան, դու ընդունում ես բոլոր պայմանները. այնտեղ կա բավական մեծ գերեզմանատուն, և երբեմն դու գնում ես զբոսնելու գերեզմանատանը, իսկ երբեմն պարզապես բարում մի քանի բաժակ ալկոհոլ ես խմում»,- ասել է նա:

Ռեժիսորի խոսքով` այդ «ֆիլմը ոչ թե դերասանի, այլ մարդու և այն մասին է, թե ինչպես է նա ապրում: Պարզապես այդ մարդը դերասան է, որին ոչ ոք չի նկատում»: Կարակսը հայտնել է նաև, որ ֆիլմը նկարահանել է ոչ թե հանդիսատեսի, այլ իր համար: «Ընդհանրապես չգիտեմ, թե ինչ է իրենից ներկայացնում հանդիսատեսը: Ես գիտեմ միայն, որ դա մի խումբ մարդիկ են, ովքեր շատ շուտով կմեռնեն: Անձնական ֆիլմերն ինձ շատ ավելի են հետաքրքրում, քան հանրայինները»,- նշել է նա:

Քերուաքի հետքերով

8-րդ օրվա երկրորդ ֆիլմը Վալտեր Սալեսի «Ճանապարհին» կինոնկարն էր: Ֆիլմը պատմում է սկսնակ նյույորքայն գրող Սել Փարադայզի մասին, որը հոր մահից հետո ծանոթանում է երիտասարդ և հմայիչ Դին Մորիարթիի հետ, որը հենց նոր է ազատ արձակվել բանտից և ամուսնացած է գայթակղիչ գեղեցկուհի Մարիլուի հետ: Նրանք ակնթարթորեն անբաժան ընկերներ են դառնում: Ձգտելով ազատության` Սելը, Դինն ու Մարիլուն հրաժարվում են կյանքի պայմանականություններից և ճանապարհորդության մեկնում աշխարհին, մարդկանց և իրենք իրենց ընդառաջ:

«Ճանապարհին» ֆիլմը Ջեք Քերուաքի հանրահայտ վեպի էկրանավորումն է, իսկ ֆիլմի պրոդյուսերը Ֆրենսիս Ֆորդ Կոպոլան է:

Որոշ տեղեկությունների համաձայն` Ֆրենսիս Ֆորդ Կոպոլան գրքի էկրանավորման իրավունքը գնել է դեռևս 1979թ. և մի քանի անգամ փորձել է ինքը նկարահանել` մի անգամ Բրեդ Փիթի և Իթեն Հոուքի հետ: «Հետո այն կարծես թե պիտի նկարահաներ Ջոել Շումախերը, բայց դարձյալ չստացվեց: Մինչև որ Կոպոլան չտեսավ «Մոտոցիկլավարի օրագիրը» երիտասարդ Չե Գևարայի ճանապարհորդությունների մասին և վարձեց Վալտեր Սալեսին: Վերջինս անձամբ նախապատրաստվելու ընթացքում ճանապարհորդել է Քերուաքի նախանշած երթուղով և անգամ դրա մասին վավերագրական ֆիլմ նկարահանել»:

Այլընտրանքներ

Իտալացի դասականը

Իսկ ոչ մրցութային ծրագրում այսօր կայացավ Բեռնարդո Բերտոլուչիի «Դու և ես» ֆիլմի ցուցադրությունը: Սինոփսիս. «Լորենցոն 14 տարեկան ինքնամփոփ դեռահաս է, որը մյուսներին նման չէ: Մի օր նա խաբում է ծնողներին և փոխանակ մեկնի դպրոցական ուղևորության դահուկային հանգստավայր, իրականացնում է վաղեմի երազանքը` թաքնվել աշխարհից իր տան լքված նկուղում: Մի ամբողջ շաբաթով նա վերջապես կկարողանա հեռանալ ճնշումից ու ընդհարումներից և ապրել ինչպես «նորմալ» դեռահասն իր սիրելի երաժշտության և գրքերի հետ առանձին: Բայց նրա խորթ քույր Օլիվիայի հայտնվելը փոխում է նրա ծրագրերը: Օլիվիան Լորենցոյից մեծ է և ավելի լավ գիտի կյանքը: Ժամանակը, որը նրանք կանցկացնեն միասին, ապարդյուն չի լինի. Լորենցոն կհասկանա, որ մի օր նա կկարողանա հրաժեշտ տալ իր մանկությանը և նետվել հասուն կյանքի ջրապտույտի մեջ»:

Բերտոլուչի vs 3D

«Դու և ես»-ը մամուլը հայտարարեց որպես լեգենդար իտալացու առաջին 3D ֆիլմը, սակայն Բերտոլուչին նոր ձևաչափը վուլգար է անվանել: Ռեժիսորը չի սլանում տեխնիկական նորույթների և վարկանիշների հետևից. «Դու և ես»-ը վերջին տասնամյակում մաեստրոյի առաջին կինոնկարն է 2003թ. «Երազողներից» հետո և վերջին 30 տարում Բերտոլուչիի առաջին կինոնկարը, որը նկարահանվել է իտալերենով: Թեմատիկան նա նույնպես չի փոխել. դեռահասների նուրբ աշխարհը սեռական հասունության շրջանում: Սցենարի հիմքը իտալացի գրող Նիկոլո Ամանիտիի համանուն գիրքն է: Գլխավոր դերերում են դեբյուտանտներ Յակոպո Օլմո Անտինորին և Տեա Ֆալկոն, որը միանգամայն կարող է մրցակցել ռեժիսորի նախորդ մուսա Եվա Գրինի հետ:

Օր 9-րդ

9-րդ մրցութային օրը Կաննում կշարունակեն ևս երկու ֆիլմեր՝ Կարլոս Րեյգադասի "Լույս խավարից հետո" ֆիլմը և Լի Դենիելսի «Թղթակիցը» Նիկոլ Քիդմանի, Զաք Էֆրոնի և Մեթյու Մակքոնահիի մասնակցությամբ, որում խոսքը գնում է թղթակցի մասին, որը հետաքննում է, հնարավոր է, անօրինական մահապատժի դատավճիռը:

Մարինա Անանիկյան / PanARMENIAN News
25  18.05.12 - 65-րդ Կաննի կինոփառատոնը. Օր 2
33  23.05.12 - 65-րդ Կաննի կինոփառատոնը. Օր 7
22  22.05.12 - 65-րդ Կաննի կինոփառատոն. Օր 6
31  19.05.12 - 65-րդ Կաննի կինոփառատոն. Օր 3
24  20.05.12 - 65-րդ Կաննի կինոփառատոն. Օր 4
31  21.05.12 - 65-րդ Կաննի կինոփառատոն. Օր 5
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---