24 մայիսի 2012 - 10:34 AMT
ՄՕԿ-ը 2020թ ամառային Օլիմպիական խաղերի անցկացման թեկնածուների ցուցակից բացառել է Բաքուն

Միջազգային օլիմպիական կոմիտեն հրապարակել է 2020թ ամառային Օլիմպիական խաղերի անցկացման թեկնածու-քաղաքները: Ինչպես հաղորդում է Բի-բի-սիի ռուսական ծառայությունը, ցուցակում ներառվել են Ստամբուլը, Մադրիդը և Տոկիոն:

Ցուցակում չեն ներառվել Դոհան և Բաքուն, ընդ որում, ինչպես Քաթարի, այնպես էլ Ադրբեջանի համար սա արդեն երկրորդ անհաջող փորձն է:

Ինչպես ենթադրում են Բի-բի-սիի թղթակիցները, Դոհան բացառելու որոշման վրա ազդել է այն, որ Քաթարում չափազանց շոգ ամռան պատճառով այս քաղաքը ցանկանում էր խաղերը նախատեսվածից ուշ անցկացնել:

Իր հերթին, Բաքուն կարող էր բացառվել` նման բարձր մակարդակի սպորտային մրցումներ անցկացնելու փորձի պակասի հետևանքով:

ՄՕԿ-ի բարձրաստիճան պաշտոնյաները հայտարարել են, որ այս ցուցակը կազմելը իրենց համար ամենադժվարն է եղել: