24 մայիսի 2012 - 14:02 AMT
Խաչատրյանի տրիո. Թյուր կարծիք կա, որ մարզերում դասական երաժշտություն չեն սիրում

Հայաստանի մարզերում սիրում և լսում են դասական երաժշտություն, և թյուր կարծիք է, որ դա այդպես չէ, մամլո ասուլիսի ժամանակ ասաց Արամ Խաչատրյանի անվան տրիոյի դաշնակահարուհի Արմինե Գրիգորյանը: Նրա խոսքով, դասական երաժշտության համերգներին միշտ դահլիճը լեփ-լեցուն է, և շատ ջերմ են նրանց ընդունում:

Տրիոյի մյուս անդամը` ջութակահար Կարեն Շահգալդյանը դասական երաժշտությունը համեմատում է տիեզերանավի հետ, այն սիրում են, բայց չեն տեսել, որովհետև մարզերում պարզապես շատ քիչ են լինում դասական համերգներ, այնինչ լսել ցանկացողներ շատ կան:

Տրիոյի ջանքերով Վանաձորում բացվեց թավջութակի դասարան, որն արդեն մեկ տարի է գործում է, և կա երկու աշակերտ: Նրանց «Դասական երաժշտության զարգացման ֆոնդը» կրթաթոշակներ է տրամադրում շնորհալի երեխաներին, նաև մուծում է նրանց ուսման վարձը:

Խաչատրյանի անվան տրիոն ստեղծվել է 1999 թվականին` որպես Arsika տրիո: Տրիոյի կազմում են Արմինե Գրիգորյանը` դաշնամուր, Կարեն Շահգալդյանը` ջութակ և Կարեն Քոչարյանը` թավջութակ: Համույթը մեծ լուսավորչական գործունեություն է ծավալում Հայաստանում. բացի Երևանից, տրիոն ելույթ է ունենում մարզերում, վարպետության դասեր անցկացնում դպրոցականների և ուսանողների հետ: 2008 թվականին համույթը վերանվանվեց և կոչվեց հայ ականավոր կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի անունով: Հայաստանի շրջաններ կատարվող շրջագայությունները տրիոյի գործունեության կարևորագույն մասն են կազմում: Նրանք ծրագրերն իրականացնում են «Դասական երաժշտության զարգացման հիմնադրամի» շնորհիվ: Բացի անվճար համերգներից, նրանք անցկացնում են նաև վարպետության դասեր մայրաքաղաքի և մարզերի աշակերտների և ուսանողների համար: