24 մայիսի 2012 - 15:00 AMT
Սուրեն Սուրենյանցը դրական է գնահատում այն, որ ԲՀԿ-ն չի անդամակցի ֆիկտիվ կոալիցիային

Իշխող կոալիցիային չանդամակցելու մասին «Բարգավաճ Հայաստանի» որոշումը փոխում է քաղաքական իրավիճակը երկրում, սակայն դա մեծ ազդեցություն չի ունենա նոր խորհրդարանի «խճանկարի» վրա: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը: Ինչ վերաբերում է ԲՀԿ քայլին, ապա քաղաքագետը հայտարարել է. «Անշուշտ, սա մի փոքր դժվար էր կանխատեսել: Սակայն, ես ազնիվ կլինեմ և կասեմ, որ ուրախ եմ, անկախ այդ որոշման դրդապատճառներից: Ի վերջո մեզ հարկավոր չեն ֆիկտիվ կոալիցիաներ: Եթե ՀՀԿ-ն 70 մանդատ ունի, Էլ ի՞նչ կոալիցիա»: Սուրենյանցն ասել է, որ ամեն դեպքեում դրական է գնահատում ԲՀԿ քայլը, քանի որ ինչ-որ ինտրիգ է առաջանում 2013թ. նախագահական ընտրությունների հետ կապված: «Մրցակցության որոշ տարր է հայտնվում և ոչ ոք չգիտի՝ ԲՀԿ-ն կունենա իր թեկնածուն նախագահական ընտրություններում, թե ոչ»,-ասել է նա:

Նա նշել է, որ հավանաբար, Սերժ Սարգսյանը չէր բացառում իրադարձությունների նման զարգացումը, հենց դրանով կարելի է բացատրել մայիսի 6-ի ընտրություններում կուսակցության ցույց տված արդյունքը, երբ այն առանց իր կոալիցիոն գործընկերների մեծամասնություն ապահովեց ԱԺ-ում:

Ինչ վերաբերում է ԲՀԿ հեռանկարներին, ապա Սուրենյանցը նշել է, որ Գագիկ Ծառուկյանի հայտարարության հիման վրա չի կարելի վերլուծել կուսակցության հետագա գործունեությունը: «Ուղղակի այժմ մի քիչ դժվար եմ պատկերացնում ԲՀԿ-ն որպես ոչ կառավարական կամ ոչ իշխանական քաղաքական ուժ: Կուսակցության կառուցվածքը բնորոշ է իշխանական ուժին»,-ասել է նա: Քաղաքագետը հույս է հայտնել, որ իշխանությունների կողմից ԲՀԿ հանդեպ հետապնդումներ չեն լինի, թեև նշել է, որ «Հայաստանը ժողովրդավարական երկիր չէ և որևէ բան կանխատեսել հնարավոր չէ»:

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ԲՀԿ պաշտոնական կայքում հայտարարություն է տարածել, որում մասնավորապես նշվում է. «Սիրելի հայրենակիցներ, քույրեր, եղբայրներ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության 6-րդ համագումարում իմ և իմ թիմակիցների ելույթների առանցքը կազմում էր երկրում և ժողովրդի կյանքում էական փոփոխությունների անհրաժեշտության գաղափարը:

Քարոզարշավի ողջ ընթացքում մենք հանդես ենք եկել նույն դիրքերից: ԲՀԿ-ն ժողովրդի դատին էր ներկայացրել համապարփակ ծրագիր: Ես իմ բոլոր հանդիպումների ժամանակ հայտարարել եմ, որ, մտնելով քաղաքականություն, չեմ հետապնդում որևէ անձնական շահ: Ավելին, ես հայտարարել եմ, որ պատրաստ եմ ունենալ կորուստներ, սակայն ժողովրդի վստահությունը սրբորեն պահպանելու եմ:

Խորհրդարանական ընտրությունների արդյունքում «Բարգավաճ Հայաստանը» ստացավ մոտ կես միլիոն ձայն: Այդ մարդիկ քվեարկել են ԲՀԿ-ի օգտին` վստահելով մեզ և պահանջելով երկրի սոցիալ-տնտեսական կյանքում իրական, տեսանելի փոփոխություններ:

Ընտրությունների արդյունքներով` ԲՀԿ-ն չունի կառավարություն ձևավորելու և իր ծրագրերը իրականացնելու սահմանադրական հնարավորություն: Ելնելով վերը նշյալից` ես պաշտոնապես հայտարարում եմ, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը նպատակահարմար չի գտնում մասնակցել կոալիցիոն կառավարության ձևավորմանը:

ԲՀԿ-ն շարունակելու է ունենալ ծանրակշիռ դերակատարում մեր երկրի քաղաքական կյանքում: Մենք ունենալու ենք խիստ կառուցողական, հավասարակշռող դերակատարություն և մասնակցություն երկրի հասարակական-քաղաքական կյանքում։ Ազգային ժողովում ԲՀԿ-ն ունենալու է շատ ակտիվ և գործունյա խմբակցություն: Ես խոստանում եմ, որ մեր պատգամավորները մշտապես լինելու են ժողովրդի կողքին, բոլոր հնարավոր միջոցներով պաշտպանելու են մեր քաղաքացիների իրավունքներն ու շահերը:

Անկեղծորեն հաջողություն և արդյունավետ աշխատանք եմ մաղթում Հայաստանի նոր ձևավորվելիք կառավարությանը` ի բարօրություն մեր երկրի և ժողովրդի»: