24 մայիսի 2012 - 18:16 AMT
Ստեփան Սաֆարյան. «Ժառանգությունը» նոր ԱԺ աշխատանքին մասնակցելու հարցը կորոշի հունիսի 2-ի համագումարում

4-րդ գումարման Ազգային ժողովում «Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը լրագրողներին հաղորդել է, որ կուսակցությունը նոր խորհրդարանի աշխատանքներին մասնակցելու հարցը կորոշի իր հունիսի 2-ի արտահերթ համագումարում:

Ընդ որում լրագրողների այն դիտողությանը, որ մայիսի 31-ին տեղի կունենա նոր խորհրդարանի առաջին նիստը, Սաֆարյանը պատասխանել է. «Մանդատը կարելի է վերցնել ցանկացած օր և ժամին, դա ոչ մի կերպ չի ազդում «Ժառանգության» օրակարգի վրա»:

Լրագրողների այն հարցին, թե արդյոք հնարավոր է, որ «Ժառանգությունը» հրաժարվի իր մանդատներից, Սաֆարյանն ընդգծել է, որ կուսակցության ապագային վերաբերող բոլոր հարցերը կլուծվեն առաջիկա համագումարում: Նա նշել է միայն, որ մայիսի 6-ի ընտրություններից հետո, հաշվի առնելով «Ժառանգության» դիմաց «նկարված» թվերը, կուսակցությունում ամենատարբեր կարծիքներ հնչեցին, այդ թվում` մանդատներից հրաժարվելու առաջարկներ:

Ընդ որում Սաֆարյանն ընդգծել է, որ «դրանք մասնավոր կարծիքներ էին, այլ ոչ թե «Ժառանգության» պաշտոնական դիրքորոշումը»:

Մայիսի 6-ին Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում հաղթել է Հայաստանի Հանրապետական կուսակցությունը` հավաքելով ձայների 44,05 %-ը: Երկրորդ տեղում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն է 30,20 % ձայներով, երրորդում` ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը` 7,10 %:

Նոր խորհրդարան են մտել նաև ընդդիմադիր «Ժառանգությունը»` 5,79 % և «Հայ Յեղափոխական Դաշնակցությունը»` 5,73 %, ինչպես նաև երրորդ կոալիցիոն կուսակցությունը` «Օրինաց երկիրը»` 5,49 %:

ՀՀԿ-ն ընտրությունների արդյունքում 131 տեղ ունեցող Ազգային ժողովում ստացել է տեղերի բացարձակ մեծամասնությունը` 69 տեղ (40 համամասնական և 29 մեծամասնական քվեարկության արդյունքում): «Բարգավաճ Հայաստանը» ստացել է 37 տեղ (28 համամասնական և 9 մեծամասնական), ՀԱԿ-ը` 7 տեղ: Դաշնակցությունն ու «Օրինաց երկիրը»` 6-ական (5-ական համամասնական և 1-ական մեծամասնական), իսկ «Ժառանգությունը»` 5: