97  65-րդ Կաննի կինոփառատոնը

Գրառումներ Կաննից. «ԲրեդՓիթամոլուցք» և աստղերը կինոաստվածի ոտքերի մոտ

Գրառումներ Կաննից. «ԲրեդՓիթամոլուցք» և աստղերը կինոաստվածի ոտքերի մոտ

PanARMENIAN.Net - Այն տեսագրությունը, թե ինչ կատարվեց օրերս Կաննում, կարելի է առանց մոտաժի ամեն առավոտ ցույց տալ մեր մշակույթի նախարարությունում, բոլոր բաժիններում ու աշխատասենյակներում, նույնիսկ պահակին: Թող նայեն, նայեն, նայեն…

Երեկ Կաննում ցուցադրեցին, թե իրականում ինչ է նշանակում մեզանում շատ սիրված «մեծարում» բառը: Հոբելյանական փառատոնի շրջանակներում ներկայացնում էին լեգենդար ֆրանսիացի ռեժիսոր Ալեն Ռենեի «Դուք դեռ ոչինչ չեք տեսել» ֆիլմը: Շուտով կբոլորի ռեժիսորի 90 տարին: Այն պատիվն ու հարգանքը, որ ցուցաբերվեց նրա նկատմամբ այդ մի քանի ժամում, նույնիսկ դժվար է նկարագրել:

Այստեղ ասում են, որ դեռ մինչ «Դուք դեռ ոչինչ չեք տեսել» ֆիլմի աշխատանքների ավարտը, բոլորի համար արդեն պարզ էր, որ այն կհայտնվի մրցակցային ծրագրում: Եվ դա անկախ նրանից, թե ինչպիսին այն կլինի, չէ որ դա մաեստրոյի ֆիլմն է և դա արդեն բավական է: Այդպես էլ ստացվեց. ֆիլմը նկարահանվեց, մոնտաժվեց ու ուղարկվեց փառատոն:

Իսկ փառատոնում… Փառատոնում շնորհանդեսի օրը հայտնվեց ինքը ռեժիսորը: Ավելի ճիշտ, նրան բերեցին ձեռքերի վրա, բառիս բուն իմաստով: Չնայած նրան, որ 90-ամյա Ալեն Ռենեն բավականին լավ է ինքնուրույն տեղաշարժվում, նրան թույլ չտվեցին քայլ անգամ անել:

Երբ վարպետին բերեցին ֆոտոսեսիայի, լուսանկարիչները մեկ մարդու պես մի կողմ դրեցին լուսանկարչական ապարատներն ու ծափահարեցին: Նույնը կրկնվեց նաև մամլո ասուլիսում, որից հետո նրան տարան դեպի մեքենան ոչ թե 4, ինչպես սովորաբար, այլ 14 կամ նույնիսկ 24 թիկնապահներ, որոնք չէին բղավում, չէին արգելում, չէինէ հրմշտում, այլ ամեն ինչ անում էին, որ իրենց կոտրատված անգլերենով բացատրեն, թե սա մեր կինոաստվածն է, նա կարևոր է մեզ համար, հարգալից եղեք:

Կարմիր ուղեգորգի վրա Ռենեն հայտնվեց անմիջապես վերին աստիճաններում, այն դեպքում երբ մյուսները դանդաղ բարձրանում էին՝ տարբեր դիրք ընդունելով լուսանկարիչների համար: Եվ այնտեղ նա «արգելված» կարմիր վերնաշապիկով ու մարմնագույն վերարկուով, ֆիլմի ողբերգական սաունդթրեկի հնչյունների ներքո տարածեց ձեռքերը թռչունի նման ու մոտ կանչեց իր դերասաններին: Նրանք բարձրանում էին, նրա ոտքերն էին պարուրում, համբուրում էին, ամեն կողմից փայլատակում էին լուսանկարչական սարքերի լույսերը, երկրպագուները շնչահեղձ էին լինում «բրավո» բղավելով հորդառատ անձրևի տակ: Հուզիչ էր:

Կարծում եմ, լավ կինո նկարահանելու համար մենք սկզբից պետք է սովորենք գնահատել, հարգել, ոչ թե ուղղակի ամեն առիթով ու առանց առիթի ուղղակի կրկնենք «մեծարել» բառը:

Նույն օրվա երեկոյան դանիացի Թոմասն Վինթերբերը ներկայացրեց իր հերթական մռայլ «Որսը» ֆիլմը, որը պատմում է եվրոպական հանրությանը հետապնդող վախերի մասին: Իր ավանդական մռայլությունը ռեժիսորն այսպես բացատրեց. «Եթե դուք մի քանի ամիս ապրեիք Դանիայում, դուք կհասկանայիք, թե ինչու եմ ես այսպիսի կինո նկարահանում»:

Իսկ հետո առավոտից սկսվեց «ԲրեդՓիթամոլուցքը»: Երկրպագուներն ու մամուլը կանգնած էին 8 շարքով 2 կողմից: «Բրատ, Բրատ»,-բղավում էին ֆրանսիացիները, այդպես են նրանք արտասանում դերասանի անունը, որին փառատոն էր բերել Էնդրյու Դոմինիկի «Կազինոյի կողոպուտը» ֆիլմը: «Բրատը» իր ճանաչվածությամբ գերազանցեց բոլորին, այդ թվում ոչ պակաս հայտնի Ռեյ Լիոտտային: Սակայն, այն կանխատեսումները, թե նույն օրը երեկոյան «բրեդամոլությանը» կգա փոխարինելու «ջոլիամոլությունը», ցավոք, չարդարացան:

Փիթի գլխավոր դերակատարությամբ ֆիլմը, հավանաբար, լավագույն ռեժիսուրայի համար մրցանակին հավակնող ֆիլմերից մեկը կլինի: Սա Դոմինիկի ու Փիթի երկրորդ համատեղ աշխատանքն է «Ինչպես վախկոտ Ռոբերտ Ֆորդը սպանեց Ջեսսի Ջեյմսին» ֆիլմից հետո: Չգիտեմ, գուցե համատեղ աշխատանքն է այդպես ազդում, բայց Բրեդն ու Էնդրյուն կարծես եղբայրներ լինեն:

Մեկ այլ հավանական մրցանակակիր է Հանեկեի «Սերը»: Ֆիլմն անպայման մրցանակ կստանա, գուցե մի քանիսը, միաձյան պնդում են բոլորը:

Պակաս կարևոր չէ, որ մեր աղթոքներն այնուամենայնիվ տեղ հասան՝ Կաննում եղանակը բացվեց: Ալելույա:

Վահան Ստեփանյան, Զառա Բուդաղյան / PanARMENIAN News
28  17.05.12 - 65-րդ Կաննի կինոփառատոնը. Օր 1
25  18.05.12 - 65-րդ Կաննի կինոփառատոնը. Օր 2
31  19.05.12 - 65-րդ Կաննի կինոփառատոն. Օր 3
24  20.05.12 - 65-րդ Կաննի կինոփառատոն. Օր 4
31  21.05.12 - 65-րդ Կաննի կինոփառատոն. Օր 5
22  22.05.12 - 65-րդ Կաննի կինոփառատոն. Օր 6
33  23.05.12 - 65-րդ Կաննի կինոփառատոնը. Օր 7
42  24.05.12 - 65-րդ Կաննի կինոփառատոնը. Օր 8
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---