24 մայիսի 2012 - 18:27 AMT
Անվտա՞նգ է արդյոք գայլերի հոշոտած ոչխարների մսի օգտագործումը

Շիրակի մարզում երեկ գայլերի հոշոտած ոչխարների մսի օգտագործումը 99 տոկոսով անվտանգ է։ PanARMENIAN.Net -ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց Շիրակի մարզպետարանի լրատվության և տեղեկատվության բաժնի աշխատակիցը, որը չցանկացավ ներկայանալ։

Շիրակի մարզի Ջրառատ համայնքի Իսրայելյաններին պատկանող 32 ոչխարն ու 4 այծը գայլերը հոշոտվել էին։ Իսկ համագյուղացիները օգնության նկատառումներից ելնելով` փոխանակ թաղելու ոչխարներին ` յուրաքանչյուրը մեկական ոչխար ուսին հեռացել է։

«Ոչխարի միսը եփելու դեպքում 99 տոկոսով բացառվում է, որ մարդու մոտ կարող է գրանցվել կատաղության դեպք, իսկ մի տոկոսն էլ հազարից մեկ է պատահում։ Փորձառու համագյուղացիներն ասում են, որ երբ սարերում գայլը հոշոտում է ոչխարին, անմիջապես մորթում ենք ու ուտում»,–ասաց մարզպետարանի ներկայացուցիչը՝ նշելով, որ գյուղ այցելած համաճարակաբանը ևս նույն կարծիքին է, սակայն օրենքը սահմանում է, որ հոշոտված ոչխարներին պետք է անպայման թաղել։

Աշխատակցի խոսքով, բավականին երկար ժամանակ է պահանջվում` անալիզների միջոցով պարզելու, թե արդյոք հոշոտված ոչխարների մոտ կատաղություն գրանցվել է, թե ոչ.«Եվ եթե պարզվի որ կատաղություն չկա, այդքան ժամանակ մնացած մսի հետ ի՞նչ պետք է արվի, ի՞նչ փոխատուցում կտրվի, չէ որ 32 ոչխարր է հոշոտվել»,–ասաց նա։

Մարզպետարանի ներկայացուցչի հավաստմամբ, Փայլակ Իսրայելյանի ընտանիքն անապահով վիճակում է։ Նա ունի երկու անչափահաս երեխա, հիվանդ քույր և տարեց մայր։ Իսրայելյանը դիմել է մարզպետին, վերջինս խոստացել է օգնել ինչով որ հնարավոր է։

Չնայած այս ամենին` աշխատակիցն այստեղ տեսնում է նաև Իսրայելյանի մեղավորությունը, որը ոչխարներին արածացնելու է տարել նեղ բացօթյա միջանցիկ տարածք, որտեղ ոչխարներից ոչ մեկին չի հաջողվել փախչել։

Վերջին երկու օրվա մեջ սա գայլերի հարձակման երկրորդ դեպքն է։ Երեկ էլ Լոռու մարզի Լուսաղբյուր գյուղում «Ճանդրակ» հանդամասում գայլերը հոշոտել էին Սամվել Դուդգարյանին պատկանող 2 ոչխար։