24 մայիսի 2012 - 19:05 AMT
Հայաստանի նախագահը բարձր է գնահատում ՍԾՏՀ գլխավոր քարտուղարի գործունեությունը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Սևծովյան տնտեսական համագործակցության (ՍԾՏՀ) կազմակերպության գլխավոր քարտուղար Լեոնիդաս Քրիզանթոպուլոսին, հայտնում է նախագահի մամլո ծառայությունը:

Նախագահը բարձր է գնահատել պարոն Լեոնիդաս Քրիզանթոպուլոսի վեցամյա գործունեությունը ՍԾՏՀ գլխավոր քարտուղարի պաշտոնում, նշելով, որ ուրախ է մեր երկրում հյուրընկալել նրան՝ կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի հերթական նիստի շրջանակներում: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը կարևորում է ՍԾՏՀ-ում իր ներգրավվածությունը՝ այն համարելով տարածաշրջանային համագործակցությունը խթանող կարևոր ձևաչափ:

Հանրապետության ղեկավարի խոսքով, կազմակերպության հիմնական առաքելությունը՝ ապահովել Սևծովյան տարածաշրջանի կայունությունը տնտեսական համագործակցության միջոցով և նպաստել բարիդրացիական հարաբերությունների հաստատմանն ու ամրապնդմանը, լիովին համահունչ է Հայաստանի նպատակներին:

ՍԾՏՀ գլխավոր քարտուղարը նախագահ Սերժ Սարգսյանին ներկայացրել է վեհաժողովի երևանյան նիստում քննարկված հարցերի շրջանակը, ինչպես նաև խոսել իր պաշտոնավարման անցած վեց տարիներին կազմակերպության կողմից իրականացված աշխատանքների մասին:

Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև հայ-հունական հարաբերություններին, որոնց ձևավորման և կայացման գործում, Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքով, մեծ է եղել մեր երկրում 1993-1994թթ. Հունաստանի առաջին դեսպան պարոն Լեոնիդաս Քրիզանթոպուլոսի ներդրումը: