25 մայիսի 2012 - 11:13 AMT
ՄԱԿ-ը դատապարտում է սեռական դիրքորոշման վրա հիմնված ճնշումները Հայաստանում

Միավորված ազգերի կազմակերպությունը դատապարտում է Հայաստանում անհատների և խմբերի նկատմամբ վերջին բռնությունների և անհանդուրժողականության արտահայտումներն ու գործողությունները` հիմնված սեռական դիրքորոշման և գենդերային ինքնության վրա: Այսօր ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի կողմից տարածված հաղորդագրության մեջ նշվում է, որ այսպիսի արտահայտումներն ու գործողությունները երբեք և ոչ մի պարագայում չեն կարող արդարացվել, և հասարակական դիրքը չպետք է օգտագործվի որպես խտրականության և անհանդուրժողականության խթանման գործիք:

«ՄԱԿ-ի Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը և մարդու իրավունքներին վերաբերող այլ փաստաթղթերը, որոնց Հայաստանը անդամակցել է, հաստատում են պետությունների կողմից հստակ պարտավորվածություններ` պաշտպանելու մարդկանց խտրականությունից` սեռական կամ այլ կարգավիճակի վրա հիմնված: Մարդու համընդհանուր իրավունքները միշտ գերակայում են, երբ նույնիսկ լարվածություն կա մշակույթի և մարդու համընդհանուր իրավունքների միջև»,- գրված է հայտարարության մեջ:

Հայաստանում Միավորված ազգերի կազմակերպությունը կոչ է անում հայաստանյան իշխանություններին հետամուտ լինել այս բնագավառում անպատժելիության ներկայիս մթնոլորտի վերացմանը` այս գործողությունները արագ և խորապես հետաքննելով, և ապահովել բոլորին ազգային ու միջազգային փաստաթղթերով երաշխավորված պաշտպանությունը:

Մայիսի 21-ին Երևանում կազմակերպվել էր «Բազմազանության շքերթ», որը պիտակավորվեց որպես «համասեռամոլների շքերթ»: Շքերթին ի պատասխան կազմակերպվել էր հակաերթ: Արդյունքում տեղի էր ունեցել բախում, որին միջամտել էր ոստիկանությունը: