25 մայիսի 2012 - 11:22 AMT
«Եվրատեսիլի» եզրափակիչը «երևի կհեռարձակվի» Հայաստանում

«Եվրատեսիլի» եզրափակիչ փուլից մեկ օր առաջ դեռ հստակ չէ, կհեռարձակի՞ Հանրային հեռուստաընկերությունը մրցույթը, թե ոչ: PanARMENIAN.Net ի թղթակիցը փորձեց ճշտել ինֆորմացիան մրցույթի Հայաստանի պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանից, ով պատասխանեց. «Երևի այո»:

Մրցույթի կիսաեզրափակիչ փուլերը տեղի են ունեցել մայիսի 22-ին և 24-ին: Եզրափակիչ փուլը տեղի է ունենալու մայիսի 26-ին: Հայաստանը քվեարկելու իրավունք չունի:

Եզրափակիչ փուլին կմասնակցեն Լիտվան, Բոսնիան և Հերցեգովինան, Սերբիան, Ուկրաինան, հաղթողի գլխավոր ֆավորիտ Շվեդիան, Մակեդոնիան, Նորվեգիան, Էստոնիան, Մալթան, Թուրքիան, Հունաստանը, Կիպրոսը, Ռուսաստանը, Ռումինիան, Մոլդովան, Հունգարիան, Ալբանիան, Իռլանդիան, Դանիան, Իսլանդիան, Անգլիան, Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Իսպանիան և Ադրբեջանը:

Ադրբեջանական Էլլա և Նիկկի դուետը 2011թ-ի մայիսի 15-ին դարձավ Եվրատեսիլի հաղթող: Երկրորդ տեղը գրավեց իտալացի մասնակից Ռաֆայել Գուալազզին Madness Of Love երգով, իսկ երրորդ տեղում է Էրիկ Սաադը Շվեդիայից Popular երգով: Հունվարի 17-ին EBU-ն մրցույթի պաշտոնական կայքում տեղադրեց մրցույթի մասնակից երկրների ցանկը, որտեղ նշված է նաև Հայաստանի անունը: Հայաստանի պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը նշեց, որ Հայաստանը Եվրոպական հեռարձակողների միության լիիրավ անդամ է և Բաքվում կայանալիք մրցույթին մասնակցելը դրա ապացույցն է: Այնուամենայնիվ EBU-ն հայտնեց, որ Հայաստանը պաշտոնապես հրաժարվել է մասնակցել մրցույթին, որի համար և տուգանվել է EBU-ի կողմից: