25 մայիսի 2012 - 11:25 AMT
Ամենայն Հայոց կաթողիկոսը շնորհավորել է շրջանավարտներին

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է տարածել շրջանավարտների օրհնության օրվա առիթով: «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրական սիրով Մեր օրհնությունն ու շնորհավորանքներն ենք բերում ուսումնական հաստատությունների շրջանավարտներին, տնօրինությանց, ուսուցիչներին ու դասախոսներին:

Սիրելի շրջանավարտներ, այսօր դուք ձեր կրթօջախներում ամբարած գիտելիքներով, հույսերով ու երազանքներով քայլում եք դեպի կյանքի նոր հանգրվան: Դեպի ուր էլ առաջնորդի ձեզ այս նոր ճանապարհը` ուսումը շարունակելու, աշխատելու, բանակում ծառայելու, Աստված մշտական հոգածությամբ պահապան և օգնական է ձեզ` իրականություն դարձնելու ձեր ազնիվ ու արդար իղձերը: Աստվածակառույց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր աղոթքն ենք բարձրացնում առ Ամենակարողն Աստված, որ օրհնի ձեր կյանքի ուղին և շնորհի երջանկություն ու ամենայն բարիք: Մեր բարձր գնահատանքն ենք բերում կրթության գործի բոլոր նվիրյալներին ու ծնողներին նոր սերունդ կրթելու ջանադրության, խնամքի ու հոգատարության համար և հայցում, որ Տերը Իր Սուրբ Աջի հովանու ներքո խաղաղ պահպանի մեր Հայրենիքը և հավատքով ու հույսով զորացյալ` մեր ժողովրդին ի սփյուռս աշխարհի»,- գրված է ուղերձում: