25 մայիսի 2012 - 11:36 AMT
ԵՊՃՀ «Մայքրոսոֆթ» կենտրոնում անցկացվում է ՏՏ ոլորտի միջազգային կրթական համաժողով

Երևանի պետական ճարտարագիտական համալսարանի «Մայքրոսոֆթ» ինովացիոն կենտրոնում այսօր անցկացվում է միջազգային ակադեմիական համաժողով, որը կազմակերպել է «Մայքրոսոֆթ Հայաստան»–ը` կրթության և գիտության նախարարության աջակցությամբ։

«Մայքրոսոֆթ Հայաստան» ընկերության նախագահ Գրիգոր Բարսեղյանը նշեց, որ համաժողովի հիմնական նպատակը բուհերի` տեղեկատվական ոլորտում առկա խնդիրների ցուցադրումն է և դրանց լուծման համար «Մայքրոսոֆթի» առաջարկած տարբերակների ներկայացումը։

«Ոչ մի աշխատանք առանց նոր տեխնոլոգիաների հնարավոր չէ արդյունավետ իրականացնել։ Այստեղ արդեն հարց է առաջանում, թե ամենատարբեր ոլորտներում ինչպես օգտագործել այդ տեխնոլոգիաները։ Օրինակ՝ մենք ունենք ՏՏ ակադեմիա ԵՊՃՀ քիմիական ֆակուլտետում, այստեղ «Մայքրոսոֆթի» գործիքներն օգտագործում են քիմիական հաշվարկներ կատարելու համար»,–ասաց Բարսեղյանը։

Նա նաև նշեց, որ շատ կարևոր է տեղեկատվական տեխնոլոգիաների ներմուծումը կրթական ոլորտ, քանի որ այն բարձրացնում է արտադրողականությունը, ինչը մեր երկրի համար, նրա հավաստմամբ, շատ կարևոր է, քանի որ մեր գլխավոր ռեսուրսը մարդկայինն է։

Համաժողովին օնլայն միացավ նաև «Մայքրոսոֆթ» ընկերության միջազգային կրթական ծրագրի գործադիր տնօրեն Ջիմ Պտազինկսկին։

Համաժողովը կտևի այսօր` մինչև 18։00–ն։ Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի և Վրաստանի ՏՏ մասնագետները կքննարկեն համաժողովի օրակարգի հարցերը։