26 մայիսի 2012 - 09:26 AMT
«Եվրատեսիլի» հայաստանցի երկրպագուները հետևելու են մրցույթին, անկախ բոլոր հանգամանքներից

Երևանում հետևելու են Բաքվում անցկացվող «Եվրատեսիլ» երգի մրցույթին: Այս եզրակացությանը հանգեց PanARMENIAN.Net ի թղթակիցը հարցումների արդյունքում: Երևան քաղաքում տարբեր տարիքի և զբաղվածության մարդկանց հարցման արդյունքները ցույց են տալիս, որ մրցույթի երկրպագուների մեծ մասն, անկախ ամեն ինչից, պատրաստվում է հետևել մրցույթին: Հարցվածներից միայն մեկ ուսանողուհի չի նայելու միայն անցկացման վայրի պատճառով, իսկ մյուս հարցված ուսանողուհին` որովհետև Հայաստանը չի մասնակցում մրցույթին:

Բացասական պատասխան տվածների մեծ մասը պարզապես մրցույթի երկրպագու չէ, և առհասարակ չի հետևում դրան: Հարցվածների մեծ մասին, սական, ծանոթ չեն մյուս երկրների ներկայացուցիչները և նրանց երգերը: Նրանք ծանոթ են միայն «ռուս տատիկներին»:

Եզրափակիչ փուլը տեղի է ունենալու մայիսի 26-ին: Հայաստանը քվեարկելու իրավունք չունի: Եզրափակիչ փուլին կմասնակցեն Լիտվան, Բոսնիան և Հերցեգովինան, Սերբիան, Ուկրաինան, հաղթողի գլխավոր ֆավորիտ Շվեդիան, Մակեդոնիան, Նորվեգիան, Էստոնիան, Մալթան, Թուրքիան, Հունաստանը, Կիպրոսը, Ռուսաստանը, Ռումինիան, Մոլդովան, Հունգարիան, Ալբանիան, Իռլանդիան, Դանիան, Իսլանդիան, Անգլիան, Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Իսպանիան և Ադրբեջանը:

Ադրբեջանական Էլլա և Նիկկի դուետը 2011թ-ի մայիսի 15-ին դարձավ Եվրատեսիլի հաղթող: Երկրորդ տեղը գրավեց իտալացի մասնակից Ռաֆայել Գուալազզին Madness Of Love երգով, իսկ երրորդ տեղում էր Էրիկ Սաադը Շվեդիայից Popular երգով: Հունվարի 17-ին EBU-ն մրցույթի պաշտոնական կայքում տեղադրեց մրցույթի մասնակից երկրների ցանկը, որտեղ նշված է նաև Հայաստանի անունը: Հայաստանի պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը նշեց, որ Հայաստանը Եվրոպական հեռարձակողների միության լիիրավ անդամ է և Բաքվում կայանալիք մրցույթին մասնակցելը դրա ապացույցն է: Այնուամենայնիվ EBU-ն հայտնեց, որ Հայաստանը պաշտոնապես հրաժարվել է մասնակցել մրցույթին, որի համար և տուգանվել է EBU-ի կողմից: Բացի այդ, Հայաստանը պետք է հեռարձակի մրցույթը, հակառակ դեպքում կարող է զրկվել 2013թ-ին մրցույթում մասնակցելուց: