26 մայիսի 2012 - 09:48 AMT
«Ժողովուրդ». 1000-1500 դրամ սեփական երեխայի «Վերջին զանգին» մասնակցելու համա՞ր

«Ժողովուրդը» գրում է, որ երեկ խմբագրությունն ահազանգ է ստացել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի մի քաղաքացուց, ըստ որի`թիվ 184 ավագ դպրոցի շրջանավարտներն իրենց «Վերջին զանգի» միջոցառումները անցկացրել են Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում, իսկ ծնողների մուտքը եղել է տոմսերով: «Շրջանավարտների ծնողները ստիպված են եղել 1000-1500 դրամ վճարել`վերջին զանգի արարողությանը մասնակցելու համար: Այս տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատեց նաև դպրոցի տնօրեն Ա. Հարությունյանը: «Այո, քանի որ մեր դպրոցը չունի դահլիճ, նույնիսկ ֆիզկուլտուրայի դահլիճ չունենք, մանկապարտեզին հարմարեցված շենք է: Այդ պատճառով ենք միջոցառումն այնտեղ կազմակերպել: Իսկ տոմսերի վաճառքը եղել է այսպես, միայն ծնողներն են վճարել, իսկ երեխաները՝ոչ: Ամբողջ գումարը վճարել ենք դահլիճի վարձակալման համար»,-հայտարարեց դպրոցի տնօրենը»,- գրում է թերթը: