26 մայիսի 2012 - 17:58 AMT
Շուշի, Բաթումի, Քոբուլեթի... Որտե՞ղ են նախընտրում հանգստանալ մեր համաքաղաքացիները

Մի քանի օրից արդեն ամառ է, ավարտական և ընդունելության քննություններից, ինչպես նաև ամբողջ տարին աշխատելուց հետո շատերը մեկնում են հանգստանալու։ PanARMENIAN.Net-ի թղթակիցը զրուցել է մեր համաքաղաքացիների հետ` պարզելու, թե որտեղ են նրանք կազմակերպելու իրենց ամառային հանգիստը։

20-ամյա Նարինե Սարգսյանն այս տարի որոշել է իր հանգիստն Արցախում անցկացնել. «Օգոստոս ամսին պատրաստվում եմ հանգստանալ Արցախում` Շուշի քաղաքում, անցյալ տարի գնացել էի Արցախ և մի քանի օր Շուշիում եմ անցկացրել, շատ է դուր եկել Շուշին, շատ սիրուն քաղաք է, մարդիկ շատ հետաքրքիր են, այնպես որ այս տարի մի ամբողջ շաբաթ Շուշիում եմ լինելու: Ընկերներիս հետ բնակարան ենք վարձելու, քանի որ այնտեղ շատ էժան է բնակարան վարձակալելը»:

Իսկ Անի Հայրապետյանը, մեր շատ հայրենակիցների նման, որոշել է Վրաստան գնալ. «Հուլիսին կամ օգոստոսին, կախված նրանից, թե երբ աշխատանքից կարող եմ արձակուրդ վերցնել, ընկերներիս հետ Վրաստան կգնամ` երևի Բաթումի: Հիմա աշխատում եմ հնարավորինս գումար խնայել դրա համար: Ընտրել եմ Վրաստանը, քանի որ նախորդ տարիներին միշտ Հայաստանում եմ հանգստացել, այս տարի ուզում եմ ինչ-որ լողափային տեղում հանգստանալ, իսկ Վրաստանն այս դեպքում ամենաէժան տարբերակն է»:

Քրիստինա Աբրահամյանը դեռ չի որոշել, թե կոնկրետ որ երկիր կմեկնի, սակայն նախատեսում է, ինչպես նախորդ տարիներին, այս տարի էլ ամուսնու հետ որևէ էկզոտիկ վայր այցելել:

Ամռանը, սակայն, մեր ոչ բոլոր քաղաքացիներն ունեն հանգստանալու հնարավորություն, ոմանք շարունակելու են աշխատել. «Ինչպես անցյալ տարի, այս տարի էլ երևի չստացվի ինչ-որ տեղ գնալ, նախ աշխատանքի բնույթն է այնպիսին, որ եթե բացակայեմ, ֆինանսական խնդիրներ կունենամ, երկրորդն էլ, եթե հնարավորություն ունենամ, երեխաներիս կուղարկեմ որևէ տեղ հանգստանալու»,- ասում է 42-ամյա Անահիտ Հակոբյանը:

16-ամյա սկաուտ Դավիթն էլ նշում է, որ ամառը շատ ակտիվ է անցկացնելու. «Պատրաստվում եմ ՀԲԸՄ սկաուտական ճամբարին մասնակցել Վանաձորում։ Հետաքրիր են անցնում այդ բանակումները, իսկ մնացած ժամանակը պատրաստվում եմ պարապել, քանի որ ավարտական դասարանում եմ սովորում և հաջորդ տարի ընդունելության քննություններ պետք է հանձնեմ»:

52-ամյա Մարտին Ստեփանյանը նույնպես Վրաստանում է հանգստանալու այս տարի. «Կնոջս հետ, ինչպես նախորդ մի քանի տարիներին, գնալու եմ Վրաստան` Քոբուլեթի, քանի որ ամենահարմար և համեմատաբար էժան վայրն է, որտեղ կարող ես լավ հանգստանալ: Ճիշտ է, ցանկալի կլիներ Հայաստանում որևէ տեղ հանգստանալ, բայց այստեղ նորմալ հանգստանալու համար շատ գումար է պետք»: