Ֆրանսիացի սենատորներն ապշած են ժողովրդավարական արժեքներին Արցախի ժողովրդի հավատարմությունից

Ֆրանսիացի սենատորներն ապշած են ժողովրդավարական արժեքներին Արցախի ժողովրդի հավատարմությունից

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի Սենատի անդամ Սոֆի Ժուասենը հայ լրագրողներին մեկնաբանել է իրեն, ինչպես նաև սենատորներ Ֆիլիպ Մարինիին ու Բեռնար Ֆուրնյեին Արցախ այցելելու համար «պերսոնա նոն գրատա» հայտարարելու Ադրբեջանի որոշումը: «Մենք արձագանքեցինք Լեռնային Ղարաբաղի իշխանությունների հրավերին, և քանի որ Ֆրանսիան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից մեկն է, մենք որոշեցինք, որ կարևոր է սեփական աչքերով տեսնել, թե ինչ է այնտեղ կատարվում: Ինչպես մենք գիտենք, այդ տարածքը փակ չէ, և բազմաթիվ այլ խորհրդարանական պատվիրակություններ եղել են այստեղ մեզնից առաջ, և մեր կարծիքով` Ֆրանսիայի Սենատը նույնպես կարող է դրա մասը լինել և անձամբ տեսնել, թե ինչ է այնտեղ կատարվում»,- հայտնել է նա Երևանում կայացած մամլո ասուլիսում:

«Մենք ուրախ էինք այդ երկրում տեսնել մի ժողովուրդ, որը շատ համարձակ էև նվիրված ժողովրդավարական արժեքներին, և աշխատում է, չնայած դժվար պայմաններին: Հայկական բնակչությունն այդ տարածքներում բնակվում է դարեր շարունակ, և այդ երկրի ժողովուրդը կանի ամեն ինչ, որպեսզի երկիրն ապրի խաղաղության մեջ, լինի նույնքան ներդաշնակ, որքան մինչ այդ»,- նշել է Ժուասենը:

Ֆրանսիացի սենատորն առանձնապես նշել է ԼՂՀ բնակչության և իշխանությունների հավատարմությունը ժողովրդավարական արժեքներին: «Ես ինքս, լինելով դեմոկրատ, իսկապես հուզված էի, որ այդ ժողովուրդը, գտնվելով արտաքին ճնշումների տակ, փորձում է ժողովրդավարական արժեքների կրողը դառնալ և պաշտպանել դրանք իր սեփական տարածքում»,- նկատել է նա:

Ժուասենի խոսքով` դա նրանց մեջ Արցախի հանդեպ իրենց բարեմական վերաբերմունքն ավելի կոնկրետ դրսևորելու ցանկություն է առաջացրել, և այդ նպատակով Էկս-ան-Պրովանսը Ստեփանակերտին առաջարկել է քույր-քաղաքներ դառնալ:

Սենատոր Մարինին իր հերթին նշել է ջերմ և բարեկամական ընդունելությունը, որը նրանց ցուցաբերել են Արցախում, ինչպես նաև հանգամանալից և հետաքրքիր հանդիպումներն ու քննարկումները ԼՂՀ նախագահի, վարչապետի, խորհրդարանի խոսնակի և Արցախի թեմի առաջնորդի հետ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---