10 հուլիսի 2004 - 19:33 AMT
ԱՄՆ-ՈՒՄ ԴԺԳՈՀ ԵՆ «ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ» ՏԵՐՄԻՆԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻՆ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ ՎՃԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ
ԱՄՆ-ում դատական գործ է հարուցվել «New York Life» ապահովագրական ընկերության դեմ, որը պատրաստվում է փոխհատուցում վճարել անցյալ դարասկզբին իրենց կյանքերը արեւմտյան ընկերություններում ապահովագրած Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգներին: Փաստաբան Բեն Նաթլիի կողմից հայցի ներկայացման առիթ է հանդիսացել այն, որ ապահովագրական պոլիսների տերերի ժառանգների համար մամուլում տպագրված հայտարարություններում բացակայում է Հայոց ցեղասպանության մասին հիշատակումը: Նաթլիի խոսքերով, Հայոց ցեղասպանության վերաբերյալ որեւէ նշում չկա նաեւ համաշխարհային ինտերնետային էջերում, որտեղ ներկայացված են պոտենցիալ փոխհատուցում ստացողների անունները: Բացի այդ, հայց հարուցողների կարծիքով, հայտարարությունները փոխհատուցումների վճարման մասին տպագրված են հիմնականում ամերիկյան ԶԼՄ-ներում, մինչդեռ հայոց ցեղասպանության զոհերի ժառանգներին հարկավոր է փնտրել ողջ աշխարհում: Այս հարցի վերաբերյալ քիչ թե շատ սպառիչ տեղեկություն այսօր կարելի է ստանալ www.armenianinsurancesettlement.com ինտերնետային հասցեյով: ԱՄՆ-ում հրատարակվող հայկական ԶԼՄ-ների հաղորդագրության համաձայն, հուլիսի 30-ին կկայանա դատական նիստ, որտեղ վերջնական որոշում կկայացվի ցեղասպանությունից տուժած հազարավոր հայերի ժառանգներին 20 մլն ամերիկյան դոլարի չափով գումարի վճարման համաձայնագրի վերաբերյալ: