Փակ շուկայի հարևանությամբ բնակվողները կողմ են շուկայի քանդմանը

Փակ շուկայի հարևանությամբ բնակվողները կողմ են շուկայի քանդմանը

PanARMENIAN.Net - Երևանի Փակ շուկայի հարևանությամբ ապրող մի խումբ բնակիչներ կողմ են, որպեսզի շուկայում երեկ ուշ երեկոյան վերսկսած ապօրինի շինարարական աշխատանքները շարունակվեն։

«Շուկայի առջևի կամարները իրականում քանդվում էին: Խոնավությունն ամբողջովին քայքայել էր հիմքերը։ Հիմա եթե չվերակառուցեն, հինգ տարի հետո այս պատերն էլ չեն լինի։ Հազիվ եկել է մեկը, ով թեկուզ իր շահի համար, սարքելու։

Ինձ պետք է, որ օր առաջ վերջացնեն շինարարական աշխատանքները, օր առաջ փակեն այս խոլերան։ Ես չեմ կարողանում ապրել այստեղ, չեմ կարողանում տնից դուրս գալ»,–ասաց բնակիչներից Ռազմիկ Դավթյանը։

Նա նաև հայտնեց, որ իրենք պատրաստվում են նամակով դիմել քաղաքապետ Տարոն Մարգարյանին, որպեսզի վերջինս իր հսկողության տակ առնի շուկայի վերանորոգման աշխատանքները: «Հարգելի քաղաքապետ, տեղյակ լինելով ձեր խոհեմությանը, մեր վերջին հույսը դուք եք , խնդրում ենք անձամբ վերահսկել շինարարության աշխատանքները և դրանք շուտափույթ ավարտին հասցնել, որպեսզի քաղաքի կենտրոնում ապրող բնակիչներս չամաչենք մեր միջավայրից»,–նշված է բնակիչների Մարգարյանին ուղղված նամակում, որը նրանք վաղը կներակայացնեն քաղաքապետարան։

Բնակիչներից Սուքիաս Սուքիասյանն էլ պատմեց, որ ինքը բավականին երկար ժամանակ աշխատել է փակ շուկայում, սակայն ոչ մի անգամ այն չի վերանորոգվել. «Ես երեսուն տարի աշխատել եմ այս շուկայում, այդքան ժամանակվա ընթացքում չեն կարողացել մի անգամ այն վերանորոգել։ Մսի բաժնի տնօրեն եմ աշխատել , միսը բերում էինք, բայց առնետները վխտում էին։ Սարդոստայնները կախված էին։ Հիմա որ սկսվել են այս աշխատանքները , գոնե վերացնեն այդ առնետանոցը, դրանք չգան լցվեն մեր խանութները»,–ասաց Սուքիասյանը` ընդգծելով, սակայն, որ իրենք կողմ են նաև շուկայի ճարտարապետական տեսքի պահպանմանը։

Թեև Երևանի քաղաքապետը դեռևս մարտ ամսին արգելել էր սեփականտեր «Թիվ 1 շուկա» ՍՊԸ–ին ձեռք տալ Փակ շուկայի տանիքին, սակայն երեկ կես գիշերին, շինարարները վերսկսել են ճարտարապետական արժեք համարվող շուկայի տանիքի քանդման աշխատանքները։

Փակ շուկայում շինարարական աշխատանքներ իրականացնող կազմակերպությունն ավելի վաղ շենքի տանիքը վնասելու համար տուգանվել էր 200 հազ. դրամով, քանի որ Երևանի քաղաքապետարանը շուկայում վերանորոգում կատարող կազմակերպությանը թույլտվություն էր տվել իրականացնել միայն ներքին հարդարանքի և ավտոկայանատեղի կառուցելու աշխատանքներ։ Քաղաքեպատրանն արգելել է դիպչել շենքի արտաքին տեսքին։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---