29 մայիսի 2012 - 14:05 AMT
Բաքուն խիստ նեղացել է Եվրախորհրդարանից ճշմարտության համար

Ադրբեջանի Միլլի Մեջլիսում պատրաստվում է Եվրախորհրդարանի բանաձևի դեմ ուղղված բողոքի նամակ` կապված հանրապետությունում մարդու իրավունքների և ժողովրդավարության հետ: Փոխխոսնակ Բահար Մուրադովայի կողմից գլխավորած փաստաթղթի նախապատրաստման հանձնաժողովի կազմում ներառվել են Ռաբիատ Ասլանովը, Ազայ Գուլիևը, Սահիբա Գաֆարովան, Ֆազաիլ Իբրահիմլին, Ֆարաջ Գուլիևը, երեքշաբթի օրը խորհրդարանական նիստի ժամանակ հայտարարել է խոսնակ Օքտայ Ասադովը:

Ավելի վաղ Միլլի Մեջլիսի խոսնակը բողոք էր հղել Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցին:

«Մայիսի 24-ին Եվրախորհրդարանի կողմից Ադրբեջանում «Մարդու իրավունքների, ժողովրդավարության և օրենքի գերակայության խախտման մասին» բանաձևը վրդովմունք և անհանգստություն է առաջացնում հանրապետությունում»,-ասվում է Ասադովի նամակում, գրում է Թրենդը:

Բոլոր գործողությունները, որոնք ուղղված են Ադրբեջանում խոսքի և հավաքների ազատության ճնշմանը, պետք է անմիջապես դադարեցվեն: Այս մասին ասվում է մայիսի 24-ին Եվրախորհրդարանի ընդունած բանաձևում:

Եվրապատգամավորները համոզված են, որ Բաքվում մայիսի 26-ին «Եվրատեսիլի» անցկացումը պետք է Ադրբեջանի համար հնարավորություն դառնա ցուցադրելու իր հավատարմությունը ժողովրդավարությանն ու մարդու իրավունքների պաշտպանությանը:

Բանաձևում կոչեր են պարունակվում, ուղղված Ադրբեջանի իշխանություններին, մեծ ջանքեր ներդնել արդարադատության ոլորտում բարեփոխումներ իրականացնելու ուղղությամբ, այդ թվում` մեղադրանքների, դատավարության, դատավճիռների, պատիժների:

Եվրախորհրդարանականները կոչ են արել նաև ԵՄ արտաքին հարաբերությունների գծով գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնին, ինչպես նաև ԵԽ-ին ու Եվրահանձնաժողովին մանրակրկիտ մոնիտորինգ անցկացնել Ադրբեջանում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում «Եվրատեսիլից» հետո, իսկ ԵՄ անդամ պետություններին դիտարկել մարդու իրավունքների խախտման համար պատասխանատու անձանց դեմ պատժամիջոցներ կիրառելու հնարավորությունը: