29 մայիսի 2012 - 16:08 AMT
«Փրկենք փակ շուկան» նախաձեռնությունն առաջարկում է Փակ շուկան ետ վերցնել սեփականատիրոջից

«Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ, «Փրկենք փակ շուկան» ֆեյսբուքյան նախաձեռնության անդամ Ստեփան Սաֆարյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի Facebook սոցիալական ցանցում կատարած գրառմանը կապված նախօրեին Փակ շուկայում իրականացված անօրինական աշխատանքների հետ, ասաց, որ այն իրեն չի գոհացնում.

«Քաղաքապետն ունի շատ ավելի լայն լիազորություններ այս հարցում, քան ընդամենը հայտարարելը, որ քաղաքապետարանը շուկայում շինարարական աշխատանքներ իրականացնելու թույլտվություն չի տվել։ Նախաձեռնության անդամները պատրաստ են օգնելու քաղաքապետին հարցի լուծման իրենց տարբերակներն առաջակելով, որոնցից մեկը կարող է լինել նաև սեփականատիրոջից շուկան ետ վերցնելը»,–ասաց Սաֆարյանը։

Ըստ նրա` հարցն արդեն ոչ թե վարչական պատասխանատվության, այլ քրեական օրենսգրքի տիրույթում է գտնվում:

Սաֆարյանը ներկայացրեց նաև քաղաքաշինության նախարարության և այլ պատկան մարմինների գնահատականները հարցի շուրջ. «Քաղաքաշինության նախարարությունը Փակ շուկայի հետ կապված մարտի 30-ի իր պատասխանում նշել է, որ այնտեղ շինարարական աշխատանքները կատարվում են ինքնակամ, առանց իրավական փաստաթղթերի առկայության»,–ասաց ԱԺ նախկին պատգամավորը։