13 հուլիսի 2004 - 23:33 AMT
ԱՄԵՐԻԿԱՅԻ ՀԱՅԵՐՆ ՈՒ ՀՈՒՅՆԵՐԸ ՀՈՒՍԱԽԱԲՎԱԾ ԵՆ ՋՈՐՋ ԲՈՒՇԻ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՐՎԱԾ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ
Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը (ԱՀԴՀ) եւ Ամերիկայի Հելլինիստիկայի ինստիտուտը (ԱՀԻ) իրենց հուսախաբությունն են հայտնել Ջորջ Բուշի հայտարարության առնչությամբ, որով նա դրվատել էր Թուրքիայի վերաբերմունքն ազգային փոքրամասնությունների նկատմամբ եւ Եվրամիությանը կոչ արել ընդունել Թուրքիային իր շարքերը: ԱՀԴՀ-ի ատենապետ Քեն Խաչիկյանը եւ ԱՀԻ-ի նախագահ Ջին Ռոսիդեսը ԱՄՆ նախագահին հղած նամակում նշել են, որ «Թուրքիան ո՛չ աշխարհիկ եւ ո՛չ էլ ժողովրդավարական երկիր է եւ տարածաշրջանի երկրների համար կարող է միայն բացասական օրինակ հանդիսանալ: Անցած 150 տարվա ընթացքում թուրքական կառավարություններն աչքի են ընկել իրենց քաղաքացիների հանդեպ ցուցաբերած բռնարարքներով, ժողովրդավարական կարգերի անտեսումով եւ հարեւան երկրների նկատմամբ հարձակողական մոտեցմամբ: Հատկապես այդ ժամանակահատվածում Թուրքիան ցեղասպանություն կազմակերպեց իր տարածքում փոքրամասնություն կազմող հայերի նկատմամբ, ջարդ կազմակերպեց եւ գաղթի ենթարկեց պոնատացիներին ու հույներին, ուրացավ իր քուրդ բնակչության գոյությունը եւ արգելեց քրիստոնեական ծեսերը երկրում»: Նամակի հեղինակների խոսքերով` ԵՄ-ին Թուրքիայի անդամակցությունը չի վայելում երկրի այն քաղաքացիների աջակցությունը, ովքեր գիտակցում են, որ թուրքական կառավարությունը շատ հեռու է ժողովրդվարության եւ մարդու իրավունքների նույնիսկ նվազագույն միջազգային պահանջների կատարելուց: