30 մայիսի 2012 - 10:13 AMT
Ավստրալիան ևս չի բացառում ռազմական միջամտությունը` Սիրիայում հակամարտության լուծման համար

Ավստրալիայի իշխանություններն աջակցում են Ֆրանսիայի այն դիրքորոշմանը, որի համաձայն անհրաժեշտ է ռազմական միջամտություն` Սիրիայում հակամարտությունը լուծելու համար: Այդ մասին չորեքշաբթի գրում է Australian պարբերականը`հղելով Ավստրալիայի ԱԳ նախարար Բոբ Կարրի հայտարարությանը:

Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլլանդը նախօրեին հայտարարել էր, որ չի բացառում Սիրիայում ռազմական գործողությունների իրականացումը, սակայն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համաձայնությամբ:

Կարրի խոսքով, Ավստրալիան պատրաստ է բանակցել Սիրիայում ռազմական միջամտության հարցով: «Դրա համար մեզ անհրաժեշտ է միասնություն ՄԱԿ-ի ԱԽ-ում: Պետք է նկատի ունենալ Ռուսաստանի և Չինաստանի քննադատությունը, թե ինչպես էր միջամտությունն իրականացվել Լիբիայում»,-ասել է Կարրը:

Ավելի վաղ Սպիտակ տան ներկայացուցիչ Ջեյ Քարնին հայտարարել էր, որ ԱՄՆ իշխանությունները չեն կարծում, որ «Սիրիայում իրավիճակի ռազմականացումը ճիշտ որոշում է»: