30 մայիսի 2012 - 13:23 AMT
Հայաստանից արտահանման 47 տոկոսը բաժին է ընկնում ԵՄ երկրներին

Այսօրվա դրությամբ ԵՄ բոլոր 27 երկրները Հայաստանի կարևորագույն առևտրային գործընկերներն են, լրագրողներին է ասել մայիսի 30-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Գարեգին Մելքոնյանը Երևանում ընթացող ՀՀ-ԵՄ առևտրի, տնտեսական և համապատասխան իրավական հարցերով համագործակցության ենթակոմիտեի տասնմեկերորդ նիստի շրջանակներում: «Մեր արտահանման 47 տոկոսը բաժին է ընկնում ԵՄ երկրներին: Սա լուրջ ցուցանիշ է, որը վկայում է այն մասին, թե ինչ նշանակություն ունեն այդ երկրները Հայաստանի համար որպես տնտեսական ոլորտի գործընկերներ»,-ասել է նա:

Փոխնախարարը հավելել է, որ Հայաստանը պետք է ուշադրություն դարձնի ԵՄ արտահանվող ապրանքների դիվերսիֆիկացման վրա՝ լավ նորմատիվ դաշտ ապահովելով, ինչպես նաև նորմալ ու ազատ առևտրի պայմաններ:

Անդրադառնալով ԵՄ հետ ազատ առևտրի պայմանագրին Հայաստանի միանալու հարցին, որի շուրջ բանակցությունները պաշտոնապես մեկնարկում են հունիսի 19-20-ին, փոխնախարարը նշել է, որ կապահովի երկրի տնտեսության աճն ու զարգացումը՝ հաշվի առնելով անհրաժեշտ բարեփոխումների իրագործումը:

Իր հերթին Առևտրի գլխավոր տնօրինության, Եվրոպայի և կենտրոնական Ասիայի բաժնի պետ Լյուք Պիեր Դեվինյեն ասաց, որ Ազատ առևտրի վերաբերյալ ԵՄ հետ պայմանագրի կնքումը դրական ազդեցություն կունենա ոչ միայն հայկական բիզնեսի, այլ նաև հայ սպառողի վրա: Մասնավորապես, ըստ նրա, դա վերաբերվում է սննդամթերքի անվտանգության մակարդակի բարձրացմանը: