Սոչիի քաղաքապետարանում չգիտե՞ն հայերի ու դաղստանցիների բախումների մասին

Սոչիի քաղաքապետարանում չգիտե՞ն հայերի ու դաղստանցիների բախումների մասին

PanARMENIAN.Net - Սոչիի Ադլերի շրջանում օրերս տեղի ունեցած հայ երիտասարդների ու դաղստանցի բանվորների բախումները մեկնաբանելու PanARMENIAN.Net ի թղթակցի խնդրանքին ի պատասխան, Սոչիի վարչակազմի մամլո ծառայությունում ասացին, որ տեղեկություն չունեն հայ երիտասարդների ու դաղստանցի բանվորների բախումների մասին:

Շաբաթ օրը` մայիսի 26-ին, Սոչիի Ադլերի շրջանի Չերեշնի գյուղի մոտ հայերի և դաղստանցիների միջև բախում է տեղի ունեցել, որը գրեթե վերածվել է զանգվածային ծեծկռտուքի:

Հիմնականում հայերով բնակեցված Չերեշնի գյուղի բնակիչները «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթին պատմել են, որ Սոչիում աշխատող դաղստանցիներն անընդհատ նեղացնում են տեղացի աղջիկներին անհարկի կատակներով, «հետույքը կսմթելու» փորձերով և անգամ սեքսի ուղղակի ակնարկներով:

Ըստ նրանց, հայ տղամարդիկ «զայրանում էին, սակայն համբերում էին», քանի դեռ դաղստանցիները «խոսքից գործին չանցան` հետապնդելով աղջիկներին»: Նախորդ շաբաթ օրը երեկոյան, երբ Չերեշնյայի աղջիկները հավաքվել են տաղավարում, նրանց սկսել են անհանգստացնել Օլիմպիական շինարարությունում աշխատող դաղստանցիները:

Աղջիկները բողոքել են ընկերներին և եղբայրներին: Հայերը հավաքել են իրենց կանանց պատվի պաշտպանների մի խումբ և որոշել վրեժ լուծել նրանց նեղացնողներից: Նրանք 30 ավտոմեքենաներով մեկնել են շինհրապարակ:

Պարբերականի տվյալներով, կռվին ներկա գտնվողները զինված են եղել տրավմատիկ զենքով և էլեկտրաշոկերներով: Տագնապած շինարարները ոստիկանություն են զանգահարել և պատմել իրենց դեմ ծրագրվող հարձակման մասին: ՕՄՕՆ-ի ժամանման պահին կողմերն արդեն իրար վրա քարեր էին նետում:

Ոստիկանները ստիպված էին կենդանի պատ կազմել հայ և դաղստանցի երիտասարդների միջև: Արդյունքում ոստիկանության և ՕՄՕՆ-ի աշխատակիցների օպերատիվ գործողությունների արդյունքում հնարավոր է դարձել կանխել զանգվածային ծեծկռտուքը:

Օրինապահները ձերբակալել են մոտ 300 մարդու: Վիրավորվել է միայն մեկ ոստիկան:

Մինչդեռ, պարբերականի տեղեկությունների համաձայն, սա Սոչիում հայերի և դաղստանցիների միջև առաջին բախումը չէ: Մայիսի 1-ին զանգվածային կռիվ է տեղի ունեցել հայ և դաղստանցի երիտասարդների միջև, որին մասնակցել է մոտ 300 մարդ: Այդ ընթացքում դանակի հարվածից մահացել է թեկվանդոյի սպորտի վարպետ Յուրի Գարանյանը: Կոնֆլիկտի պատճառը կրկին աղջիկն էր, որի հետ ցանկանում էր ծանոթանալ դաղստանցի շինարարը:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---