31 մայիսի 2012 - 12:53 AMT
Վիշվանաթան Անանդ. Գելֆանդի հետ հանդիպումից առաջ ես ինձ ֆավորիտ չէի համարում

Գրոսմայստեր Վիշվանաթան Անանդը համարում է, որ Բորիս Գելֆանդի դեմ շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար իր հաղթանակը որոշակիորեն պայմանավորված է հաջողությամբ:

Շախմատի աշխարհի չեմպիոնը որոշվեց թայ-բրեյքում: 12 հիմնական պարտիաներից հետո մրցախաղի հաշիվը հավասար էր` 6:6: Թայ-բրեյքում, որը ներառում էր արագ շախմատի 4 պարտիաներ, հնդիկ գրոսմայստերը 2.5:1.5 հաշվով հաղթանակ է տարել:

«7-րդ պարտիայում պարտությունն ինձ համար մեծ տհաճություն էր: Կարելի է ասել, դա կրիտիկական պահ էր: Եվ ես բացառապես հաջողության շնորհիվ կարողացա հաջորդ օրը հաղթանակ տանել: Բնականաբար, այս մրցախաղի գլխավոր պարտիան 8-րդն էր: 8-րդ պարտիան հոգեբանական տեսանկյունից ինձ համար շատ կարևոր էր»,-Անանդի խոսքը հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Նա նաև հավելել է, որ Գելֆանդի հետ շատ դժվար էր խաղալ: Անանդը խոստովանել է, որ հաղթանակից հետո իրեն զգում է այնպես, կարծես մեծ բեռ է ուսերից գցել: