31 մայիսի 2012 - 11:59 AMT
Քաղաքաշինության ԲՀԿ-ական նախարար Վարդան Վարդանյանը հրաժարական է տվել

Կառավարությունում այսօր՝ հայտարարությունների ժամին, քաղաքաշինության ԲՀԿ-ական նախարար Վարդան Վարդանյանը հայտարարեց իր հրաժարականի մասին:

«Շատ նորմալ եմ գնահատում անցյալ տարիների աշխատանքս, կայացվել է քաղաքական որոշում և իմաստ չունի դա մեկնաբանել»,- լրագրողներին ասաց Վարդանյանը՝ նշելով, որ դեռ չի որոշել, թե ինչով է զբաղվելու և առաջիկայում պատրաստվում է հանգստանալ:

Երեկ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության փոխնախագահ Սամվել Բալասանյանը Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի վարչական շենքում 2012թ. մայիսի 6-ի ընտրությունների արդյունքում ընտրված Ազգային ժողովի պատգամավորներին մանդատների հանձնման հանդիսավոր արարողության ժամանակ լրագրողներին ասել էր, որ կուսակցությունը նոր կառավարությունում պորտֆելներ չի ունենա։

Նրա հավաստմամբ, ԲՀԿ–ի խորհրդարանական խմբակցությունը ղեկավարելու է Գագիկ Ծառուկյանը, իսկ քարտուղարի պաշտոնը կզբաղեցնի Նաիրա Զոհրաբյանը։

Մայիսի 24–ին «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հայտարարել էր, որ նպատակահարմար չի գտնում մասնակցել կոալիցիոն կառավարության ձևավորմանը: