16 հուլիսի 2004 - 22:57 AMT
ԵՎՐԱՀԱՆՁՆԱԿԱՏԱՐԸ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ ԵՐԿՐՆԵՐԻ ԶԳՈՒՇԱՑՐԵՑ, ՈՐ ԻՐԵՆՑ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԵՄ-ԻՆ ԴԱՆԴԱՂ ԵՎ ԱՆՈՐՈՇ ԳՈՐԾԸՆԹԱՑ Է ԼԻՆԵԼՈՒ
Եվրամիության «Նոր հարեւանություն» ծրագրին Հարավային Կովկասի երկրների մասնակցությունը չի երաշխավորում անդամակցություն ԵՄ-ին: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին հայտարարել է Եվրահանձնաժողովի կրտսեր հանձնակատար Յանեշ Պոտոչնիկը: Նրա խոսքերով` այդ ծրագրին մասնակցությունը նշանակում է միայն, որ Հայաստանը, Վրաստանը եւ Ադրբեջանն իրենց հետաքրքրությունն են արտահայտել հետագայում ԵՄ-ին անդամակցելու նկատմամբ: Ընդսմին Պոտոչնիկը խոստովանել է, որ «աշխարհագրական, պատմական եւ մշակութային տեսանկյունից Հարավային Կովկասի երկրները եվրոպական արմատներ ունեն»: Ուստի պատասխանն այստեղ հավանաբար դրական պետք է լինի, ասել է նա: Այդուհանդերձ, եվրահանձնակատարը նախազգուշացրել է, որ ԵՄ-ին Հարավային Կովկասի երկրների անդամակցությունը դանդաղ ու անորոշ գործընթաց է լինելու եւ կոչ է արել նրանց համբերությամբ զինվել: Նրա կարծիքով` «Նոր հարեւանություն» ծրագրում ընդգրկումն արդեն ինքնին հաղթանակ է եւ պետք է առավելագույնս օգտագործել ընձեռված հնարավորությունը: «Նոր հարեւանության» քաղաքականությունը տնտեսական առումով ընդլայնված համագործակցության եւ խորացող ինտեգրացմանն ուղղված քայլ է, եւ այդ քաղաքականությունում ընդգրկված երկրներին առաջարկվում է օժանդակություն այն բարեփոխումների գործում, որոնք նրանք ամեն դեպքում պետք է իրականացնեն», - ասել է եվրահանձնակատարը: