31 մայիսի 2012 - 13:06 AMT
Բրազիլիայի հայ համայնքը փորձում է ոչ միայն պահպանել արմատներն, այլ նաև ամրապնդել կապերը Հայաստանի հետ

Այսօր կայացած մամլո ասուլիսում «Հայաստան» համահայկական հիմնադրամի Բրազիլիայի բաժանմունքի ղեկավար Օշին Լևոն Մոսդիչյանը և հայ համայնքի գլխավոր գանձապետ Էդուարդ Մեկբեկյանը պատմել են բրազիլահայերի կյանքի մասին:

Մոսդիչյանը պատմել է, որ իրենց հայտնի առաջին հայը Բրազիլիա է ժամանել 1870թ., իսկ հայերի մեծ ներհոսքը կապված էր արդեն Հայոց ցեղասպանության հետ ու տեղի ունեցավ 1926թ.: Այժմ երկրում մոտ 30 հազար հայ կա, ցավոք, նրանց մեծ մասը կապ չի պահպանում համայնքի հետ: Երկրում գործում է երկու հայկական առաքելական եկեղեցի, որոնք Մայր Աթոռ Սբ Էջմիածնի հովանու ներքո են գործում, մեկ կաթոլիկ և մեկ բողոքական եկեղեցի: Սան Պուլոյում գտնվող միակ հայկական դպրոցը 100 աշակերտ ունի:

Համայնքը բազում խնդիրներ ունի, կապված, առաջին հերթին համայնքի սակավաթիվ լինելու հետ, ինչպես նաև հայերի թույլ ինտեգրման հետ համայնքային կառույցներին: Նրանց մեծ մասը չի խոսում հայերեն, իսկ խառը ամուսնությունները էլ ավելի են նպաստում այդ կապերի թուլացմանը: Չնայած այս ամենին, Բրազիլիայի հայ համայնքը փորձում է ոչ միայն պահպանել արմատներն, այլ նաև ամրապնդել կապերը Հայաստանի հետ: