
«Փրկենք Փակ շուկան» հասարակական նախաձեռնությունն այսօր կազմակերպել էր հանրային քննարկում, որին սակայն ներկա չէին պետական համապատասխան կառույցների ներկայացուցիչները։
«Այսօր առաջին հերթին նպատակ դրվեց հասկանալու, թե ինչ ենք անելու։ Երբ որ հարցադրումները հստակեցվեն, մենք կարող ենք երկրորդ հանրային քննարկմանը պատկան մարմիններից մարդկանց հրավիրել»,–ասաց Ստեփան Սաֆարյանը։ Նա նաև նշեց, որ նախաձեռնության ձեռքի տակ ներկայումս կան մի շարք փաստաթղթեր քաղաքաշինության, մշակույթի նախարարությունից, որոնց հիման վրա հնարավոր է քրեական գործ հարուցել։
Սաֆարյանը կարևորեց նաև մտավորականների ընդգրկվածությունը այս նախաձեռնության մեջ և նրանց հայտարարությունները խնդրի վերաբերյալ։ Նախաձեռնության անդամի խոսքով, Ազգային պատկերասրահի տնօրեն Փարավոն Միրզոյանը, Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Երվանդ Ղազանչյանը, Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանն արդեն դատապարտել են տեղի ունեցածը։
Իսկ նախօրեին նախաձեռնության կողմից հանցագործության մասին հաղորդագրություն է ներկայացվել ոստիկանություն, որի հիման վրա ներկայումս կատարվում է քննություն։