31 մայիսի 2012 - 21:52 AMT
Դավիթ Տոնոյանը Պատրիկ Մըրֆիին տեղեկացրել է Ադրբեջանի կողմից հրադադարի պարբերական խախտումների մասին

Հայաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը մայիսի 31-ին ընդունել է Հարավային Կովկասում ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ, դեսպան Պատրիկ Մըրֆիի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես հաղորդում է ՀՀ պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը, հանդիպման ընթացքում դեսպան Մըրֆիի խնդրանքով ներկայացվել են վստահության ամրապնդմանն ուղղված ջանքերի գործադրման, այդ թվում՝ միջադեպերի հետաքննության մեխանիզմների մշակման և դիպուկահար կրակի դադարեցման վերաբերյալ պաշտպանական գերատեսչության մոտեցումները:

Դավիթ Տոնոյանը հյուրի ուշադրությունը հրավիրել է շփման գծում ադրբեջանական կողմից հրադադարի ռեժիմի պարբերական խախտումների վրա` շեշտելով, որ հայկական բանակն իր իրավասության շրջանակում իրականացնում է ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում ՀՀ ստանձնած հանձնառությունները: