31 մայիսի 2012 - 23:21 AMT
Հայաստան-Հունաստան. Առաջին խաղակեսից հետո հաշիվը 0:1 է

Ավստրիական Կուֆշտայն քաղաքի «Գրենցլանդշտադիոն» մարզադաշտում Հայաստանի ազգային հավաքականն ընկերական հանդիպում է անցկացնում Հունաստանի ընտրանու հետ: Առաջին իսկ րոպեներից հույները, որոնք ելույթ են ունենալու Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլում, փորձեցին իրենց ձեռքը վերցնել նախաձեռնությունը՝ կատարելով մի շարք գրոհներ: Հայ ֆուտբոլիստները կարողացան կազմակերպել հակագրոհ. Մարկոս Պիզելլիի փոխանցումից հետո Յուրա Մովսիսյանի հարվածն իր վրա վերցրեց հույն պաշտպանը: Առաջին կեսի միջնամասում Հայաստանի ընտրանուն հաջողվեց խաղը տեղափոխել դաշտի կենտրոն: Չնայած դրան, հույները 22-րդ րոպեին վաստակեցին տուգանային հարվածի իրավունք: Այն կարողացան հաջող իրացնել, և գոլի հեղինակ դարձավ «Շալկե-04» պաշտպան Կիրյակոս Պապադոպուլոսը: Ոգևորված ձեռք բերածով՝ հույները սկսեցին ավելի ակտիվ գործել ու մի քանի անգամ լուրջ անհանգստացնել Ռոման Բերեզովսկուն: Սակայն նրանց կամ չէր հաջողվում դիպուկ հարվածել կամ էլ լավ էին գործում հայերի դարպասապահն ու պաշտպանները: Թիմերը ընդմիջման գնացին նվազագույն 0:1 հաշվով: