28 հուլիսի 2003 - 20:01 AMT
ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ ԵՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱՌԱՋԱՏԱՐ ԶԼՄ-ՆԵՐԻ ԵՎ ԼՐԱԳՐՈՂԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԸ
Անցած շաբաթ օրը Ադրբեջանի ոստիկանությունը ձերբակալել է երկրի առաջատար ԶԼՄ-ների եւ լրագրողական կազմակերպությունների ղեկավարներին: Բաքվի ԶԼՄ-ների հաղորդագրության համաձայն, դա տեղի է ունեցել «Ենի Մուսավաթ» թերթի գլխավոր խմբագիր Ռաուֆ Արիֆօղլու տան մոտակայքում, որտեղ հավաքվել էին խմբագիրներ եւ լրագրողական կազմակերպությունների ղեկավարները, որոնք մտահոգված էին Արիֆօղլու անվտանգությամբ` Ադրբեջանի կառավարող շրջանակների կողմից նրա հասցեին հնչած սպառնալիքների առնչությամբ: Ձերբակալվել են «Ենի Մուսավաթի» գլխավոր խմբագիրը, Մամուլի ազգային խորհրդի ղեկավարը, «Թուրան» գործակալության տնօրենը եւ ուրիշներ: Հայտարարվել է, որ նրանք խախտել են ճանապարհային երթեւեկության կանոնները, քանի որ ընթացել են «թափորով» Բաքվի փողոցներով: Լրագրողները գնահատել են միջադեպը որպես «բարոյական ահաբեկչություն» ընդդիմադիր ԶԼՄ-ների նկատմամբ: