1 հունիսի 2012 - 13:12 AMT
Ուսուցիչներն այսօր երեխաներին թատրոն չեն բերում, ասում է Տիկնիկային թատրոնի փոխտնօրենը

Սխալ է այսօր թատրոն-դպրոց և թատրոն-մանկապարտեզ կապի խզումը: Այդ մասին մամլո ասուլիսի ժամանակ ասաց Երևանի Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի տնօրենի տեղակալ, ՀՀ արվեստի վաստավավոր գործիչ Գագիկ Ռոստոմյանը: Նրա խոսքով, դա բերում է նրան, որ երեխաները կտրվում են թատրոնից: Նրա խոսքով, կան ուսուցիչներ, որոնք պարտավորված են զգում երեխաներին բերել թատրոն, կան նաև նրանք, ովքեր չեն բերում, որովհետև չեն թույլատրում դպրոցում փող հավաքել: Ռոստոմյանը նաև դեմ է, որպեսզի այլ կառույցներ վճարեն տոմսերի համար և բաժանեն մարդկանց, քանի որ մեր հասարակության մեջ կարծիք է ձևավորվել, որ անվճար է, ուրեմն վատն է:

Անդրադառնալով տիկնիկային թատրոնի խաղացանկին՝ Ռոստոմյանն ասաց, որ նրանք ունեն տարեկան երկու պրեմիերա և մեկ Ամանորի ներկայացում: Նրա խոսքով, տիկնիկային թատրոնը պահում է 30 տարվա ներկայացումները, քանի որ նրանք չեն մահանում կամ ծերանում, քանի որ գաղափարախոսությունը չի ծերանում, և դա փաստ է:

Ամենամեծ խնդիրը փոխտնօրենը տեսնում է մարզերի հետ կապի բացակայության մեջ: Նրա խոսքով, թատրոնը պետք է լինի նաև մարզերում, սակայն դա չի ֆինանսավորվում:

Խոսելով այսօրվա երեխաների մասին՝ նա ասում է, որ երեխաները բոլոր ժամանակներում նույնն են, նրանք սիրում են ուրախանալ և նրանց երբեք չես խաբի: Բոլոր երեխաները հետաքրքրությամբ են դիտում ներկայացումները և տեխնիկական զարգացումները դրան չեն խանգարում: