1 հունիսի 2012 - 13:21 AMT
Տարածաշրջանում առաջին TEDxKids@Yerevan միջոցառմանը մասնակցել է ավելի քան 250 երեխա

Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ ասյօր Երևանում տեղի է ունեցել տարածաշրջանում առաջին TEDxKids@Yerevan միջոցառումը, որը պաշտոնապես արտոնագրված էր միջազգային TED կազմակերպության կողմից և առաջնորդվում էր TED-ի` «գաղափարներ, որոնք արժանի են տարածման» սկզբունքով: ԹՈՒՄՈ Ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում ընթացող միջոցառմանը մասնակցել են ավելի քան 250 երեխաներ Երևանից և տարբեր մարզերից: Տեսագրված TED ելույթների ընտրանու ցուցադրման հետ մեկտեղ միջոցառման ընթացքում ելույթ են ունեցել 10-18 տարեկան 22 բանախոսներ:

Բանախոս երեխաները, ոմանք հատուկ կարիքներով, ընտրվել էին մեկ սկզբունքով` նրանք կարևոր հարց էին բարձրաձայնում և ելույթն արվում էր տպավորիչ կերպ ու համապատասխանում էր TED-ի ձևաչափին: Ըստ այդմ, ելույթների մի մասը երեխաների հետաքրքրությունների, երազանքների և ձգտումների մասին էին, ինչպես օրինակ` բիոնիկական ճարտարապետության, սպորտով կամ դերասանությամբ զբաղվելու: Որոշ երեխաներ խոսել են նրա մասին, թե ինչը կցանկանային փոխել արդի հասարակության մեջ, օրինակ` շրջակա միջավայրի պաշտպանության կամ հատուկ կարիքներով անձանց հետ անկաշկանդ շբման վերաբերյալ: Թեմաներն անսպառ էին` սերիալների վատ ազդեցությունից, տաղանդի բացահայտումից, ծաղրի շղթայից մինչև «աշխարհը շալակելն» ու «Բեռլինի պատը» քանդելը:

«Մեր թիմը հավատում է, որ լավագույն գաղափարների տարածումը կարող է ոգեշնչել երեխաներին բարձրաձայնել իրենց երազանքները»,- ասել է TEDxKids@Yerevan արտոնագրված անձ Քրիստինե Սարգսյանը. «Մենք համոզված ենք, որ այն երկիրը, որտեղ երեխաների երազանքները լսելի են, ավելի մեծ հնարավորություն ունի երազանքների իրականացման երկիր դառնալու»:

Առաջին TEDxKids@Yerevan միջոցառումը կրում էր «Մեր Աշխարհը» խորագիրը:

TEDxKids@Yerevan 2012-ը հնարավոր է դարձել մի շարք ընկերությունների և կազմակերպությունների աջակցության շնորհիվ, որոնք են` միջոցառման պաշտոնական գործընկեր ԹՈՒՄՈ Ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը, Վորլդ Վիժն Հայաստանը, ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը, Համաշխարհային առողջապահական քարոզարշավը, Հայկական Կարիտաս կազմակերպությունը, Ստորակետ ճարտարապետական ստուդիան, Աշտարակ Կաթ ընկերությունը և Լույս հիմնադրամը: