1 հունիսի 2012 - 15:49 AMT
Հայաստանը պետք է պահանջի Քլինթոնից պարզաբանել ԱՄՆ դիրքորոշումը Ղարաբաղի հարցում

Հայաստանը պետք է պահանջի ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնից պարզաբանել ԱՄՆ դիրքորոշումը Ղարաբաղի հարցում: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարեց Դաշնակցության բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի տնօրեն Կիրո Մանոյանը՝ մեկնաբանելով Չիկագոյում ՆԱՏՕ-ի գագաթաժողովում ընդունված հռչակագիրը: «Հայաստանը պետք է պահանջի, որպեսզի ԱՄՆ-ն հստակեցնի՝ տեսնում է արդյոք Ղարաբաղի խնդրի կարգավորումը նաև ինքնորոշման իրավունքի հիման վրա, թե այնպես, ինչպես ասվում է ՆԱՏՕ-ի գագաթաժողովի հռչակագրում, շեշտը դնելով միայն տարածքային ամբողջականության վրա»,-հայտարարել է նա:

Ըստ Մանոյանի, դա հարկավոր է, որպեսզի Հայաստանը որոշի՝ պետք է իրեն ԵԱՀԿ ձևաչափը, թե՝ ոչ: Մանոյանն ասել է, որ եթե ԱՄՆ-ն հավատարիմ է ԵԱՀԿ ՄԽ ձևաչափում արված հայտարարություններին, պետք է հավատարիմ մնա դրանց նաև այլ կառույցներում:

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հրաժարվեց մասնակցել ՆԱՏՕ-ի գագաթաժողովին հռչկագարի հետ անհամաձայնության պատճառով:

ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հունիսի 4-7 կայցելի Հայաստան, Վրաստան ու Ադրբեջան, որտեղ կքննարկի «տարածաշրջանային անվտանգությանը, ժողովրդավարությանը, տնտեսական զարգացմանն ու ահաբեկչության դեմ պայքարին առնչվող հարցեր»: