1 հունիսի 2012 - 17:29 AMT
Ամերիաբանկն ու Երևանի քաղաքապետարանը նախաձեռնել են «Ցանկությունների պատ» ծրագիրը

Մայրաքաղաքի արտաքին տեսքի բարելավման ծրագրերին հանրության մասնակցությունն առավել ակտիվ դարձնելու նպատակով՝ Երևանի քաղաքապետարանը և Ամերիաբանկը նախաձեռնել են «Ցանկությունների պատ» ծրագիրը: Ծրագիրը մեկնարկեց այսօր Հյուսիսային պողոտայում ժամը 15։00 –ին: Ակցիան կտևի մինչև հունիսի 15-ը: Այդ ընթացքում մարդիկ հնարավորություն կունենան մայրաքաղաքի արտաքին ձևավորման առնչությամբ իրենց կարծիքներն ու առաջարկությունները ներկայացնել։ Երեխաները դա կարող են անել նաև նկարների միջոցով:

«Մեր ակցիայի նպատակն է հնարավորություն տալ ՀՀ քաղաքացիներին և ոչ քաղաքացիներին իրենց մաղթանքները հայտնել Երևանի տեսքի բարելավման վերաբերյալ»,-ասաց «Ամերիաբանկ» ընկերությունների խմբի մարքեթինգի բաժնի պետ Ռեբեկկա Հակոբյանը: Նրա խոսքով, «ցանկությունների պատեր» կտեղակայվեն նաև Կասկադում /Ալեքսանդր Թամանյանի արձանի հարևանությամբ/, «Մոսկվա» կինոթատրոնի հարակից «Ազնավուրի» հրապարակում, Կոմիտասի պողոտա–Կասյան փողոց խաչմերուկում և Գարեգին Նժդեհի հրապարակում։

Հյուսիսային պողոտայում հունիսի 1–ին, ժամը 15:00 –ին տրվող ծրագրի մեկնարկին մասնակից փոքրիկ երևանցիների համար Ամերիաբանկը նաև հաճելի անակընկալ էր պատրաստել։

Ինչպես ասաց Ռեբեկկա Հակոբյանը, նախաձեռնության ավարտին բոլոր առաջարկությունները կքննարկվեն, իսկ առավել տպավորիչները կֆինանսավորվեն բանկի կողմից՝ քաղաքապետարանի անմիջական մասնակցությամբ:

Բոլոր այն վայրերում , որտեղ տեղադրված կլինեն «Ցանկությունների պատերը», ներկա կլինեն ծրագրի իրականացման պատասխանատուները:

Իր հերթին քաղաքապետարանի ներկայացուցիչ Արաս Բաղդասարյանը նշեց, որ քաղաքապետարանը միշտ հաշվի է առել բնակիչների կարծիքը քաղաքի բարեկարգման հարցում: «Հենց նման ցանկությունների շնորհիվ է, որ մենք տեսնում ենք, թե ինչպես է օրեցօր բարեկարգվում մեր Երևանը»,-ասել է նա: