1 հունիսի 2012 - 18:37 AMT
Կիրո Մանոյան. Միջնորդներն ու Ադրբեջանը պետք է հաշտվեն նոր իրականության հետ ԼՂ հիմնախնդրում

ՀՅ Դաշնակցությունը դեմ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը ազատագրված տարածքների վերադարձ նախատեսող սկզբունքների հիման վրա: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնել է Հայ Դատի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը: Այս կապակցությամբ նա նշել է, որ համաձայն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկների` նախատեսվում է Ադրբեջանին ազատագրված տարածքներ վերադարձնել:

«Այդ մոտեցումը հաշվի չի առնում այն զարգացումները, որոնք տեղի են ունեցել: Եթե նման առաջարկներ լինեին 1988թ., մենք բոլորս կհամաձայնեինք: Սակայն 1988-ից հետո այնքան իրադարձություններ են տեղի ունեցել, որ նոր իրականություն է ձևավորվել, և այն չի կարելի անտեսել: Նոր իրականությունը կայանում է նրանում, որ կան տարածքներ, որոնք վերահսկում է ղարաբաղյան կողմը»,- ընդգծել է Մանոյանը:

Նա հավելել է, թե Հայաստանը պետք է աշխատի այն ուղղությամբ, որ միջազգային հանրությանն ու Բաքվին բացատրի, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում արդեն անհնար է: Այս կապակցությամբ Մանոյանը հիշեցրել է Հեյդար Ալիևի խոսքերը, որը ժամանակին կասկած է հայտնել, թե կհաջողվի Արցախի ժողովրդին ստիպել ապրել Ադրբեջանի իշխանության տակ: